Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Էս մոտ օրերս մի երկու սաժեն փետ եմ առնելու։ Ածուխ շատ ունենք։ Երեխեքը բոլորը լավ են։ Մայրդ դեռ չի եկել։ Տերտերն է էստեղ։ Երբեմն ճաշերին գալիս է։ Դեռ էլի հիվանդ է, թեև այժմ մի քիչ լավ է։

Հովհաննես

361. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

<1920>, Նոյեմբերի 6, <Թիֆլիս>
Աշխեն ջան,

Մերոնց գալուց առաջ ես քեզ նամակ էի գրել, որ անպատճառ դու էլ գաս Բոբիկի հետ և գրել էի, թե ինչու1։ Նամակը ետ պահեցի, վախենալով, թե չլինի Գիգան նեղանա2։ Այժմ ցավում եմ, որ չեմ ղրկել, որովհետև Էդտեղ դժար է լինելու ապրելը, գալը՝ նույնպես. իսկ ձեր մնալը միտք չունի, երբ որ Գիգան չի գալու Երևան3։

Մուշեղից տեղեկություն չունենք։ Թեև էս ընդհանուր աղետի մեջ, բայց ինչ ուզում է լինի, մարդ հո չի կարող իրենը մոռանալ։

Իրիկունը վրացիք մոտս են գալու։ Թուրքերից էլ էին եկել անցյալ օրը — և խոստովանում էին, թե միակ ուղիղ ճամփեն Ձեր ցույց տվածն է, որ իրար հետ ապրելու մի ճար ու ճանապարհ գտնենք։

Երեկ Կաուցկու հետ մի տեղ էինք — գրեթե ես էի միակ հյուրը։

Երկուշաբթի երեկոյան ժամադիր ենք եղել խոսելու։

Մերոնք բոլորը լավ են։ Դուք էլ ձեզ լավ պահեցեք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Վրացիք հույս ունեն, որ էլի Վրաստանը ազատ կպահեն աղետից։ Տեսնենք։

Ռուսները շատ են զարմացած եղածի վրա, երբ տեսնում են տակից Անգլիայի ձեռքը էս բոլորի մեջ։