Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թե ինչու մնացիր։ Կանայք միշտ անպետք են ֆրոնտում և վնասակար, և երեխաները։

էլ դրության մասին և անցածի մասին ավելորդ է խոսելը, բայց վախենում եմ նույնիսկ վերջին րոպեներին խելքի չգան մեր հիմարները, և աղետը դարձնեն թե ձևով, թե ծավալով ավելի զարհուրելի1։ Գիգան արդեն կգրի, որ «Չեզոք զոնայումն» է լինելու՝ Ալավերդի2։ Անցյալ օրը ինձ մոտ էին թուրք նախկին մինիստրները, եկել էին խոստովանելու, թե մենք ամենքս սխալ ճամփով ենք գնացել, և միակ ուղիղ ճամփեն Ձեր ցույց տվածն է՝ սիրո և համերաշխության ճամփեն, թե չէ այլապես մենք իրար կկործանենք։ Իսկ մերոնք էլ ավելացնում են, թե էդ ճամփեն էլ ես ճիշտ ասել, վերջին դեպքումն էն էլ, որ միայն Ռուսաստանը մեզ կփրկի։ Բայց ռուսներին էլ չեն ուզում լսել, որովհետև նրանցից էլ են վախենում3։

Մենք ամենքս լավ ենք և ավելի լավ կլինենք, քան կարելի էր էս տեսակ տարին, բայց միշտ ձեր մասին ենք մտածում։ Տեսնենք ինչպես եք անելու, որ ամենքի հետ դուք էլ ազատվեք էդ դրությունից։ Տղերանցը բարևներ, ամենքին — մեր մոտիկ․ գրելու էի նրանց էլ, բայց ժամանակ չկա. հիմի մարդիկ են գալու մոտս։ Հովիկին շատ համբույրներ և քեզ։

Հայրիկդ

364. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԿՈՄԻՆ

Թիֆլիս — Երևան

Հայաստանի Ռևկոմին

Դաշնակից պետությունների ագահ ու հավիտյան հանցավոր քաղաքականությունը, հայ ղեկավար շրջանների անկարողությունն ու քաղաքական անհեռատեսությունը և հայ֊թուրքական վայրենի ու անզուսպ թշնամությունը Հայաստանը հասցրին օրհասականի դուռը։

Ամենքից լքված ու հուսահատված հայ ժողովուրդը իր հայացքը դարձրեց դարձյալ դեպի Ռուսաստանը։ Եվ եկավ նա, նոր Ռուսաստանը։