Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ նոր, ազատ Ռուսաստանից է կախված ոչ միայն հայ ժողովրդին ազատել վերահաս վտանգից՝ այլև ապահովել նրա անկախ քաղաքական կյանքը, խաղաղ վերջացնել հայկական արյունոտ խնդիրը, հայ ժողովրդին հաշտեցնել մահմեդական հարևանների հետ և արդար աշխատանքի ճանապարհով առաջնորդել դեպի նոր կյանք։

Փոքր ժողովուրդները, հիրավի, զրկված բանվորներ են ագահ ու անխիղճ իմպերիալիստական հզոր պետությունների ճանապարհների վրա։

Նոր Ռուսաստանը, որ գալիս է նրանց հանի էդ ստրկական վիճակից, նոր դարաշրջան է բաց անում մարդկության պատմության մեջ, և երանի, վերջապես, ստեղծվեր մի ուժ, որին հավատար ամեն մի ժողովուրդ ու մարդ։

Խորապես ցանկանում եմ, որ Ռուսաստանը շուտով ազատվի անցողական շրջանի դժվարություններից ու դեֆեկտներից, և ժողովուրդները նրա հետ կապվեն ոչ թե վախով, այլ սիրով։

էս զգացմունքով էլ՝ Հայաստան մուտք գործելու հենց առաջին օրերից՝ առաջին հերթին՝ Հայաստանի Ռևկոմի ուշադրությունը ես ուզում եմ հրավիրեմ երկու կարևոր հանգամանքի վրա։

Առաջինը սա է։

Անցյալներում, հայ-թուրքական դժբախտ ընդհարումների ժամանակ, դաշնակցությունն է գլխավոր դերը խաղացել, վերջերս էլ նա է եղել կառավարական կուսակցությունը։ էդ պատճառով էլ հայ ժողովրդի լայն շրջանները հարած են դաշնակցությանը։

Հեղաշրջումից հետո շատ մարդիկ, որ անձնական հաշիվներ ունեն իրար դեմ, էդ հանգամանքից առատ նյութ կարող են առնել դավեր լարելու և իրենց հաշիվները մաքրելու իրենց անձնական թշնամիների հետ։

Հայաստանի Ռևկոմը պարզ գիտենալով, որ նրանք նույնքան հեշտ դաշնակցական են եղել երեկ, ինչքան հեշտ կոմունիստ են դարձել էսօր՝ լուրջ նշանակություն չպիտի տա նրանց դաշնակցական լինելու հանգամանքին և ընթացք