Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

401. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ

Թիֆլիս – Երևան

Հայաստանի լուսժողկոմին

Հայաստանի լուսժողկոմը դեկրետ է հանել փոխելու հայ լեզվի եղած ուղղագրությունը և ընդունելու պ․ Մ. Աբեղյանի առաջարկածը1։

Ես,որպես հայ գրող և Հայ գրողների միության նախագահը՝ գալիս եմ հայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վարմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարևոր խնդրում:

Պ. Մ․ Աբեղյանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լավ։ Բայց Հայաստանի լուսժողկոմը ո՞րտեղից է իմացել, թե և՛ պ. Մ. Աբեղյանը, և՛ ինքը լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ, առանց քննության ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել ու տպագրել։

Եվ ի՞նչ կարծիք ունի լուսժողկոմը․ հայ գրողների, բանասերների, մանկավարժների ու հրապարակախոսների վրա։ Նա կարծում Է, թե հայ լեզվի խնդրում կարելի Է նրանց արհամարհել և միայն հրամանագրե՞լ։

ճշմարիտ, որ շատ Է զարմանալի։ Պ․ Աբեղյանի առաջարկը ընդունելի Է, թե չէ, դա, դեռ քննելի խնդիր է։ Երբ դա քննելի խնդիր է, հետևաբար, լուսժողկոմի հրամանը անընդունելի է: Եվ եթե էսպես է, ապա նրան՝ լուսժողկոմին, մնում է ուղղել իր արած սխալը, ետ վերցնել իր կարգադրությունը, խնդիրը համարել բաց և տալ քննության։

1922, 17 մայիսի, Թիֆլիս