Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



402. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻՆ

<1922>, մայիսի 29, Թիֆլիս

Ազգային փոքրամասնության խորհրդի

հարգելի նախագահին

Ստացել եմ Ձեր՝ ամսիս 27-ի հրավերը՝ հայկական նոր ուղղագրության հարցի շուրջ խորհրդակցության գալու։

Հիվանդության պատճառով տանից դուրս գալ չկարողանալով՝ ուղարկում եմ իմ կարծիքը էդ առաջարկի վերաբերմամբ։

Մեր ուղղագրությունը կարգ․ պիտի գրվի։ Կարգի պիտի գրվի էնպես, որ պատասխանի երկու գլխավոր պահանջների — հեշտացնելու և տնտեսության։

Պ. Մ․ Աբեղյանի առաջարկը պակասավոր է և քննելի։

Հայաստանի լուսժողկոմատի՝ Ձեր առաջարկն ընդունելու կարգադրությունը առաջ կբերի միայն դժգոհություն ու պառակտում։

Պետք է թողնել էդքան հապճեպով արած կարգադրությունը, և խնդիրը ենթարկել լուրջ քննության, ոչ միայն խորհրդային երկրների հայության մեջ, այլև մեր գաղութների, և դրանից հետո բարեփոխել։

Ավելորդ չեմ համարում հայտնել, որ ես էս մտքով բողոք եմ ուղարկել Հայաստանի լուսժողկոմատին1։

403. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Թիֆլիս–Երևան

Հայաստանի օգնության կոմիտեին

Ծանր հիվանդությունից հետո ոտի կանգնելով՝ սրտագին շնորհակալություն եմ հայտնում Կոմիտեի համակրական հեռագրի և օժանդակության համար1։