Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որն է լավ, որը վատ, որը տպեն, ինչքան տպեն և այլն, և այլն։ Թեև իրենցից մի խումբ մի երկու օր առաջ եկան ինձ մոտ առավոտյան լուսանկարչական ապարատով և այլն։ Լուսանկարեցին զանազան դիրքերով, մինչև անգամ Աբիսողոմ աղայի դիրքով — գրքերս շարեցին կողքիս, և իրենց գրպանից հանեցին թղթեր ու ինձ հարց ու փորձի ենթարկեցին։ Տեսա, որ գիտեն իմ դրվածքներից մի շարքի անունները, բովանդակությունը և վերջում էլ խնդրեցին իրենց համար գտնել իմ գիրքը և առանձնապես մանկական գրվածքները, մանավանդ, «Քաջ Նազարը», «Մի կաթիլ մեղրը» և մի երկու ուրիշ գործեր։ Տներն ընկանք — ծանոթների (որովհետև ես էլ չունեմ), մի երկու բան գտանք պատռտված, մնացածը չգտանք։ Ինչևէ — տեղեկություն ունեն։

Երևանից էլ Մակինցյանն է գրում, թե մանկական գրվածքների սով է3․ և ինչպես երևում է՝ նա էլ ուզում է «Սասունցի Դավիթը» պատկերազարդեն ու հրատարակեն, բայց փող չունի, փող է որոնում, և դիմել է նույնիսկ Կոմիտեին Հ<այաստանի> օգն<ության>։ Ուզում է էնպես անի, որ երկրորդ մասն էլ գրեմ (որ պատմեցին, ասի՝ ականջը կանչի Ստեփանի):

Ինչ կխոսեք՝ ինչ չէ՝ էդ արդեն դուք գիտեք, բայց ես ասեմ իմը։ Եթե լուրջ գործ բռնեն, որ, իհարկե, իրենց համար մեծ գումարի խնդիր չի, ես արդեն մի քանի տասնյակ գրքույկ կարող եմ հանձնել տպագրության պատրաստներից, որոնք սպառված են բոլորովին, և շատ են պահանջում, և կամ ցրված են դես դեն։ Միաժամանակ կպատրաստեմ նորերը, որոնց արդեն ձեռք էի տվել, բայց, դժբախտաբար, ձեռքիցս ընկան էնքան թուլացա ամառվա շոգից ու, ամոթ չլինի ասելը, վատ սնունդից։ Այժմ գրեթե վերադարձել եմ էն դրությանը, երբ վերջին օրերում պառկած էի անկողնում։

Մի տասն օրից ուզում եմ գնալ Շուլավեր, Մուշեղի մոտ4։ Հույս ունեմ, էդ միջոցում տեղեկություն կստանամ։

էստեղ կտպագրենք, հարկավ, որովհետև և լավ լիտոգրաֆիաներ