Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք մտահոգված եք այլ հոգսերով և նախազգուշացնում եք բոլորին։ Բայց ամենից թանկը Ձեր խոստումն է՝ միշտ լինել անաչառ, խտրություն չդնել, թե ինչ ազգության է պատկանում հանցագործը, և ոչ ոքի չխնայել — նույնիսկ մոտ ծանոթի։ Դա ամենից արժեքավորն է։ Եվ ահավասիկ մեր առաջ մի այդպիսի դեպք, որն ինձ շատ, շատ վշտացրեց։ Մեր բարեկամ Պավել Զախարևիչ Բաժբեուկ-Մելիքովը, երբ Ղազախի գավառի թուրք քոչվորներն անցնելիս են եղել Շամուտի ճանապարհով, վերցրել է նրանցից մի քանի տասնյակ ոչխար (ասում են մոտ հարյուր)։

Մեր «ազնվականի» այդ տխուր սխրագործությունից մենք բոլորս էլ վրդովված ենք մինչև մեր հոգու խորքը։

Նա խախտում է երկու ժողովուրդների միջև հազիվ պահպանված խաղաղությունը, առաջ է բերում արյունահեղ ընդհարումներ։ Նա վարկաբեկում է մեզ մեր հարևանների առաջ, որոնց մենք խոստացել ենք մեր սահմաններում լիակատար ապահովություն։

Չէ՞ որ թուրքերը չեն տարբերում Պավել Ջախարևիչին մյուս հայերից, և պարտավոր էլ չեն. նրանք ասում են՝ հայերը մեզ թալանեցին, և կսկսվի․․․

Բանից դուրս է գալիս [խոստովանում եմ, ես նոր եմ ծանոթացել նրա հետ], որ նա աննախանձելի սովորություն է ունեցել ամեն անգամ քոչվորներից որոշ քանակությամբ ոչխար վերցնել։ Բայց այս տարի, իր կալվածքում կազակներ և զինված ծառաներ ունենալով, մեր հիդայգոն1 անցել է սովորականի սահմանները։

Այո, մենք վրդովված ենք և նա, նկատելով այն վրդովմունքը, որ համակել է բնակչությանը, դիմում է պրիստավին, խնդրելով պարզել 30 ոչխարի տերերին, անասունը նրանց վերադարձնելու համար և․․․ և բռնագանձել նրանցից (տույժ) իր «Կուրտիկ» կալվածքում ինքնագլուխ կերպով ծառեր կտրելու և տավարը հանդն անելու համար։

Կուրտի՜կ… Կուրտիկը — հենց այն տեղն է, ուր տեղավորված են կազակները2։

Ոչ մի անտառահատում չի եղել Կուրտիկում։ Թուրք քոչվորները անցել են շատ խաղաղ, ոչ մի տեղ ոչ ոքի չեն նեղացրել։

Եվ մեր հարգելի կալվածատերը, եթե խոսում է իր վնասների մասին և այլն, ապա այդ նրա համար է, որ թաքցնի իր արածը։ Եվ ոչ միայն թաքցնի, այլ մինչև անգամ․․․ բռնագանձի թուրքերից՝ իրեն տուժած մարդու տեղ դնելով։

Ես միանգամայն հավատացած եմ, որ Դուք, իմանալով այս բոլորի մասին, կբավարարեք տուժածներին, կհանգստացնեք վրդովված ժողովրդին և հնարավորություն կտաք մեր «բարեկամին» [ծանոթին] զգալու, որ գավառապետի հետ ծանոթ լինելը կամ այն հանգամանքը, որ նրա մոտ ապրում են օֆիցերներ և կազակներ, նրան իրավունք չեն տալիս այդպիսի «ղաչաղական» սխրագործություններ կատարելու։