Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հատկապես «Դուք հետաքրքրվում եք իմ գործով» նախադասությամբ, որը վերաբերում է Թումանյանի գործունեությանը Լոռու շրջանում 1906 թ.։ Նամակի՝ Թիֆլիս ուղարկված լինելը որոշվում է ենթադրաբար։ Տպագրվել է ԵԺ V, 288։

Թարգմանություն

Մեծարգո Իվան Լևեն,

Ես շատ հուսով էի, որ կտեսնվեմ Ձեզ հետ այստեղ, բայց շատ եմ ափսոսում, որ Դուք եկել ու գնացել եք այնպես, որ ես չեմ իմացել դրա մասին, և այդպիսով Դուք ինձ զրկել եք մեծ հաճույքից։

Բայց առայժմ թողնենք այս և մյուս խնդիրները։

Այժմ իմ այս նամակով դիմում եմ Ձեզ հետևյալ խնդիրքով։ Վերջապես Ձեզ հաջողվեց բարեհաջող կերպով լուծել Դսեղ — Շահալի խճուղու վաղուցվա խնդիրը։ Օգտվելով դրանից, ես համարձակություն եմ վերցնում ինձ վրա՝ Ձեր ուշադրությունը դարձնել մի ուրիշ ճանապարհ անցկացնելու անհրաժեշտության վրա՝ Քոլագերան կայարանից Դեբեդ գետի աջափնյա գյուղերով։ Մեր գյուղացիները Ձեզ անձամբ խնդրագիր կներկայացնեն, և ես շատ եմ խնդրում, եթե կարելի է, հավերժացնեք Ձեր անունը շինելով և այդ՝ երկրամասի համար խիստ կարևոր ճանապարհը։ Ինձ հաստատապես հայտնի է, որ բոլոր տեղական կալվածատերերը պատրաստ են ամեն կերպ աջակցելու Ձեզ այդ լավ գործում։ Ես գիտեմ, որ Դուք հետաքրքրվում եք իմ գործով, ուրախ եմ հաղորդելու, որ այն շատ լավ է ընթանում։

Իմ ամենախոնարհ ողջույնը իշխանուհուն։

Ձեզ խորապես անձնվեր՝

1 9 0 7

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս — Գլիոն

(էջ 22)

Ապրիլի 22

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 14։

Տպագրվել Լ ԵԺ V, 303 — 305։