Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տպագրվում է առաջին անգամ։

1 Հիշատակված նամակները Թումանյանի թանգարանային հավաքածուներում չեն պահպանվում։

2 Խոսքը վերաբերում է «Լուսաբեր» դասագրքին։ Մի քանի օր անց՝ հուլիսի 7-ին «Խարիսխ» օրաթերթում տպագրվում է հետևյալ «Նամակ խմբագրությանը» դասագիրքը կազմողների ստորագրությամբ, «Մեր դասագրքի մասին «Ժայռի» մեջ տպված լուրը առիթ է տվել ուսուցիչներից ոմանց մեզ դիմելու զանազան հարցերով ու առաջարկներով։ Նրանք ենթադրել են, թե «Լուսաբերը» լինելու է բարձր դասարանների հայերենի ձեռնարկ։ Հարկ ենք համարում հայտարարելու, որ մենք սկսել ենք սկզբից և առայժմ հրատարակում ենք առաջին տարվա դասագիրքը՝ «Այբբենարան և առաջին ընթերցարան։ Ստորագրված է՝ Ստ. Լիսիցյան, Հովհ. Թումանյան, Հ. Շանթ» (Խ, № 8, 11-ը հուլիսի)։

«Լուսաբերի» տարբեր տարիները (Ա, Բ, Գ, Դ, Ե) անընդմեջ հրատարակվել են մինչև 1922 թ.։

3 Նկատի ունի բժիշկ Արիստակես (Ռուստեմ) Զարգարյանին, որն այդ ամառ Լոռիում շրջելիս հյուրընկալվել է Թումանյանների ընտանիքում, հեռացել լավ տպավորություններով։ Այդ մասին Զարգարյանը գրել է բանաստեղծին ուղղած իր նամակում. «Քո եղբայր Ռոստոմը գին չունի, անգին էր ինձ համար և անչափ քաջ և բարի, չգիտեմ ինչով կարող եմ նրա ծառայությունները վարձատրել։ Մուշեղդ ոչ պակաս էր. մի շատ համակրելի երիտասարդ է։ Շատ ուրախ եմ, որ այդպիսի որդիք ունես, սիրելիս․ օրիորդներդ խոմ շատ էին ինձ օգնում իմ գործում։ Մի խոսքով չգիտեմ որին գովեմ՝ մորդ, քրոջդ, երեխայոց, թե եղբորդ…» (ԳԱԹ, Թֆ, № 629)։

4 Նկատի ունի կնոջ հայրացուին՝ Հովհ. քահ. Մարտիրոսյանին։

5 «Խարիսխ» օրաթերթը սկսեց հրատարակել 1907 թ. հուլիսի 1-ից, մինչև նամակի գրության օրը՝ հուլիսի 3-ը, հրատարակվել է երկու համար, որոնց մեջ Շոլավերի մանկական ներկայացման մասին հաղորդում չկա։

6 Խոսքը դարձյալ վերաբերվում է բժիշկ Ար. Զարգարյանին։

18. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Մանգլիս—Դսեղ

(էջ 27)

Հուլիսի 3

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԸԱ, լուսապատճենը՝ ԹԹ, № 1047։ Առաջին էջն ուղղված է ընտանիքին, երկրորդի վրա դստեր՝ Սեդայի լուսանկարից արված դիմանկարն է և նրան վերաբերող տողերը։