Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ստացած 1907 թ. օգոստոսի 1-ի և Մխ. Տեր—Անդրեասյանի նույն թվականի հոկտեմբերի 11-ի նամակների, որոնց մեջ որոշակի փաստեր կան, որ Բաքվում տակավին հարատևում է ցանկությունը ավարտված տեսնելու, և տպագրելու «Սասունցի Դավիթ» պոեմի Բ մասը (տե՛ս ԳԱԹ, Թֆ № 1189, 1124։ Պոեմը ավարտելու մասին տե՛ս նաև ՍՀ 9, № 282 նամակը և № 6 ծանոթագրությունը։)

Բաքվի հայոց հրատարակչական ընկերությունը ստեղծվել 1905 թ․ փետրվարին, բայց ազգամիջյան կռիվների պատճառով գործունեությունը սկսել է 1906 թ. նոյեմբերից։ Ընտրվել է հանձնաժողով, որի մեջ մտել են Հովհ. Քաջազնունին, Մխ. Տեր—Անդրեասյանը, Եր. Թաղիանայանը և ուրիշներ։ Առաջին իսկ տարիներին հրատարակվել են ինքնուրույն և թարգմանական գրքեր, այդ թվում՝ Հովհ. Թումանյանի, Ավ. Ահարոնյանի, Վրթ. Փափազյանի երկերը, Հյուգոյի, Դիկենսի, Սենկևիչի երկերի թարգմանությունները և այլն։

Նոր բանակցությունների առիթը ներկայացրել է ինքը՝ բանաստեղծը, երբ 1907 թ. ամռանը դիմել է ընկերոջը՝ Հովհ. Քաջազնունուն (Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետը 1918—1919 թթ.), խնդրելով նրանից իրեն նյութապես ապահովելու համար հրատարակել «Լուսաբեր» դասագիրքը։ Թումանյանի այդ նամակն անհայտ է, բայց պահպանվում հասցեատիրոջ պատասխանը, որից մի հատված տրվում է ստորև՝ կորած նամակի բովանդակությանը ծանոթացնելու նպատակով։

«Ես ամբողջ հոգով հասկանում եմ քո անել դրությունը, — գրում է Քաջազնունին, — հասկանում եմ, որ այդ դրությունը ընդունակ է սպանելու — եթե մինչև հիմա չի սպանել արդեն, ամեն մի բանաստեղծական եռանդ։ Հասկանում եմ նույնպես, որ մեր գրականության շահերը պահանջում են, որ մեր բանաստեղծները ապահովված լինեն նյութապես, հնարավորություն ունենան նվիրվելու իրենց մեծ գործին, զարգացնելու և բեղմնավոր անելու իրանց տաղանդը… համարում եմ քեզ իսկական բանաստեղծ և համոզված եմ, որ ինչ էլ անելու լինի քեզ համար հայ հասարակությունը, դարձյալ պարտավոր և երախտագետը կմնա նա և ո՛չ դու։ Բայց ի՞նչպես անել։ Ես իմ դատողությամբ միակ կարելի ելքն էի գտել, առաջարկել քեզ վերջացնել «Սասունցի Դավիթը» և այդ հանգամանքը պատճառ բռնելով՝ երկրորդ հրատարակությամբ դուրս բերել քո ժողովածուն։ Բայց դու անիրագործելի գտար, մի այնպիսի պատճառով, որի դեմ չի կարելի վիճաբանել, ասում ես՝ տրամադրություն չկա «Դավիթը» շարունակելու։ Անձնապես ես շատ ափսոսում եմ, որ այդպես Է, բայց զոռով հո չի կարելի բանաստեղծություն գրել, իսկ մյուս կողմից՝ ես չգիտեմ, թե ի՞նչ ձևով մեր ընկերությունը կարող Է օգնել քեզ… չէ՞ որ մեզ հանձնված է փողը