Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես մենակ եմ։ Մերոնք գնացել են Դսեղ։ Վատ բան է եղել մենակությունը։ Միայն պարապելու համար է լավ. էն էլ «Լուսաբերով» եմ զբաղված։ Մինչև հուլիսի վերջը հազիվ թե ազատվեմ տպագրությունից։ Դառել եմ ոտանավոր շինող, պատմություն շինող — փեշաքյար։ Ի՞նչ անենք. գուցե սրանից էլա մի բան դուրս գա։ Չմնանք ազգի ու հոբելյանի մուննաթին։ Լեոն ու Ավետիսը շատ աշխատեցին, որ ինձ էլ տեղահան անեն, հետները տանեն Եվրոպա—չեղավ, մնացի։ Մի քանի հարյուր ռ. փող պետք է գտնեի, որ հետս վերցնեի, մի քանի հարյուր էլ, որ տանըցոնց ապահովեի մինչև գալս, մի քանի հարյուր էլ էս ու էն ամսին վճարելիքներ ունեմ, նրանց տայի։ Մի՞թե կարելի բան էր։ Չեղավ։ Բայց շատ կուզենայի մի անգամ ընկնեմ էդ աշխարհքը, ինչ որ ականջով լսել եմ մի աչքով տեսնեմ—ժողովուրդներ կան, աշխարհքներ ու տեղեր կան, պատմական հիշատակարաններ կան, կուլտուրա ու գեղարվեստ կա։ Հարկավոր էր, շատ էր հարկավոր։ Ես էն գլխից հենց ընտանեկան հոգսերի ու նեղությունների տակ եմ մնացել, շատ եմ հոգնած ու ջարդված․ լավ կլիներ, բայց չի լինում։ Երանի քեզ, որ մի անկյուն ունես ու գլուխդ ազատ, ականջդ դինջ կարողանում ես նստես պարապես. ինձ համար էդ էլ <է> կտրված։ էս ամառ մտածում էի, որ մի երկու ամսով մի անկյուն քաշվեմ մի քիչ դինջանամ, մի քիչ էլ պարապեմ, էդ էլ չեղավ։ Վերջր տեսնենք ինչ է լինում։ Վերջ ասացի, խեղճ Մուրացանը միտս ընկավ, խելագարվել է։ Շուտ-շուտ գնում էի տեսնելու։ Վերջին անգամ լավ էր, բայց նախավերջին անգամ տեսա ջուր էր քսում կուրծքը, ասում եմ՝ ոնց ես, էդ ինչ ես անում, ասում է — էսօր իմ վերածնության օրն է, դրա համար եմ պատրաստվում։ Նիկոլը լավ է, միշտ իր նման—այո՛ … Անցյալ օրն էլ կենացդ խմեցինք։ Բարևիր ձերոնց։

Համբույրներով՝
քո Օհանես