Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



33. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս–Դսեղ
<1908>, հուլիսի 12, <Թիֆլիս>.

Սիրելի Օլյա, Ռոստոմի հետ չկարողացա նամակ գրեմ. Անուշին խոստացել էի պրոժեկտոր տանեմ, տարա, մինչև ետ եկանք ուշացա, էլ չկարողացա նամակ գրեմ։ Ռոստոմի հետ 30 ռ. ուղարկեցի ու մի խուրջին էլ միրգ, բայց միրգը երևի ջարդված պիտի լիներ։ Սենկոյին ասել եմ բաները պատրաստի, ուղարկի, գնալու եմ հաշիվը տեսնեմ։ էլ միրգ կուղարկեմ։ էդ Սեդիկի և իր ընկերների համար էր։

Տանից բաներ գողանալու լուրը լսած կլինես։ Տերտերն ու մայրդ գնացին1։ Երեկ չէ առաջի օրը ետ եկան—մայրդ ասում է 300 ռուբլու բան են տարել—մի քանի արծաթեղեն, երկու խալիչա և էլ չգիտեմ ինչ։ Երեք հոգի բռնված են։ Գրեցի, որ ինչ ուզում է լինի գտնեն։ Եվ արդեն գտնվում է։ Ծառան էլ է բռնված, խառն է։ Բանն էն է, մայրդ բանալիքը ծառայի մոտ է թողած եղել։ Երեկ մայրդ կրկին գնաց Շուլավեր, իսկ տերտերն առաջի օրը գնաց Կիսլովոդսկ։ Երեկ էլ մի հեռագիր եկավ Բաքվից, տատիդ ուզում են—Սիրանուշի մարդը մեռել է։ Մաշոն ու իր մարդն են հեռագրել, նրանք էլ գնացել են Բաքու՝ գործի։ Տատդ չգնաց։

Ներքև վերև բոլորը դատարկել են, գրեթե բոլորովին մենակ ենք։ Թագոն ու տատդ—էդ երկու պառաված աղավնիներն են էս ամայության բնակիչները։ Երեկ էլ մեծ վեճի բռնվեցին։ Կարտոփի պղնձի մեջ տատդ մի քանի ձու էր գցել եփելու, Թագոն պաս էր։ Տեսավ ու սկսեց, յախեն բռնեց, թե դու տասը ոտի տակ ես տվել ու իմ հոգին էլ կորցրիր։ Մեծ բանակռիվ սկսվեց, թեև բավական խաղաղ ու փիլիսոփայական, որի ընթացքում միայն էն հայտնվեց, որ Թագոն պասն աշխարհքի համար է պահում, տատդ հարցրեց — էն ռուսների համար։ Թագոն թե—ի՜, հողեմ նրանց գլուխը, թուրքերի գլուխն էլ հողեց, վերջը դուրս եկավ, որ իր հայոց ազգի