Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
34.ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս–Դսեղ
<1908, հուլիսի երրորդ տասնօրյակ, Թիֆլիս>

Սիրելի Աշխեն,

Ամենից առաջ էն ասեմ, որ գնացի ձեր գիմնազիայի դռան վրի հայտարարությունը կարդացի—էնտեղ մարդ է լինում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ։ Չգիտեմ էսօր ինչ օր է, կհարցնեմ ու կգնամ1։

Ինչպես երևում է, հանգիստ ու լավ եք ժամանակ անցկացնում։ Իհարկե, ես հակառակ չեմ, որ Ռոստոմի ձիու մասին չորս երես գրես նամակիդ մեջ2, բայց մի երես էլ ձեր մասին գրի։ Սեդիկն է, ինչպես երևում է, ձեր մեջ ամենից գոհը, բայց եթե՝ նա քարի գլխին ասում է «սառի գլուխ», հասկանում եմ, իսկ դու, որ ասում ես «քառի գլուխ» էդ լավ չեմ հասկանում3։

Նոր գրքերն ու պատկերդ Արմենակի հետ կուղարկեմ. կամ ավելի լավ է մի երկու գիրք։ Արդեն շատ ունեք։

Ես ու Թագոն ենք մենակ։ Մաշոյի բաբոն գնաց Բաքու։ Սիրանուշի մարդը մեռել է, թե սպանել են, գնաց նրան թաղելու. Վառոյի մարդին էլ հաղորդ տալ տվեց. Հոսեբի համար էլ աղոթք էր անում, որ շուտով հերթը նրան գա։

Թագոն անցյալ գիշեր մի «տրեվոգ» գցեց։ Դուրս վազեցի ինչ-որ մի խառը պատմություն արավ. խեղճ պառավի աչքին մարդ էր երևացել, էն էլ, ինչպես ինքը հավատացնում էր. եկել էր իրեն տեղը մտնի։ էն էլ աղաչել է, ասել է՝ Թագո։ Իհարկե, շատ ծիծաղեցի ու ես քնեցի, իսկ նա զարթուն մինչև լուսը խոսում էր։

էս նշանավոր դեպքը պատահեց մի երկու օր առաջ ժամը 9-ի և 10-ի արանքում՝ իրիկնեց։

Երեկ տերտերից նամակ ստացա4։ Շատ գոհ է։ Իր մի ժողովրդի՝ Տեր֊Մարջանյանի տանն է ապրում—հյուր։

«Լուսաբերի» առաջինը պրծել ենք. երևի ստացաք, քննադատություն