Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 հինգ հեռագիր (Հր, № 283—285)։ Դեկտեմբերի 20֊ին նա մասնակցել է, էջմիածին ժամանած 80 պատգամավորների խորհրդակցությանը, որ նպատակ ուներ հավերժացնելու կաթողիկոսի հիշատակը։ Ելույթ ունենալով, Թումանյանը դատապարտել է Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի՝ կաթողիկոսի նկատմամբ ունեցած միտումնավոր վատ վերաբերմունքը, որր պատճառ է դարձել վերջինիս մահվան։ Նա միաժամանակ մեղադրել է Բենիկ և Արտակ եպիսկոպոսներին, որոնք իրենց ելույթներով կամեցել են ապացուցել, որ կաթողիկոսի մահը կապ չունի նրա նկատմամբ եղած վերաբերմունքի հետ և ջանացել էին արդարացնել Կարապետ եպիսկոպոսին (Հր, 1910, № 284):

1911

88. ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ԺԱՆԴԱՐՄԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

ԹԻՖԼԻՍ

(էջ 113)

Հունվարի 28

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՎՊԿԱ, ֆ 153, գ 1, գ 210, լուսապատճենը՝ ԹԹ, Փբ, № 133, սևագիրը՝ ՆՆ, թղթ. № 25։

1911 թ. հունվարի սկզբներին լուրեր են հասնում Թիֆլիսի ժանդարմական վարչությանը, թե «Հորիզոնի» խմբագրությունը քաղաքական հանցավորների ժամադրավայրն է, ուստի և հունվարի 12—19—ը գաղտնի հսկողություն է սահմանվում խմբագրատան շուրջը, 19—ին ցերեկը ժանդարմական գործակալները անակնկալ ներխուժելով խմբագրատուն, խուզարկում, կալանավորում են Թումանյանին, թերթի այլ աշխատակիցների ու պատահական այցելուների, այդ թվում՝ Շիրվանզադեին, Երվ. Լալայանին և ուրիշների։

Բանաստեղծի բնակարանում կատարված խուզարկության գրավոր եզրակացությունը ցույց է տալիս ոստիկանների նպատակը՝ փնտրել զենք և գաղտնի նամակագրություն, ինչը հետևանք էր նրանց ունեցած այն տվյալների, իբրև թե Թումանյանն է տնօրինում զենքի պահպանության գործը Թիֆլիսում, և նրա տանն է պահվում դաշնակցության գաղտնի գրագրությունը: Չհայտնաբերելով նման իրեղեն ապացույցներ, խուզարկուները տանում են մեկ փոքր դանակ, երկու բանալի, բանաստեղծի ձեռագրերը և ստացած նամակները 12 պարկով (տարված նյութերի ցուցակը տե՛ս ԹԹ, Փբ, № 128)։

Բանտարկությունը տևում է մեկ օր, բայց բանաստեղծի համար ստեղծվում են նոր մտահոգություններ, որոնցից կարևորը շարադրված է սույն դիմումի մեջ (տե՛ս ծանոթագրություն № 1)։ Այնուհետև, խուզարկության և