Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 հրատարակությունները լինեն մի ձևի, որպեսզի գրադարան կազմվի, Մատենաշարի հերթականությունը խախտելու մասին տես № 80 նամակի № 5 ծանոթագրությունը)։

2 «Փոքրիկ ձկնորսը» մատենաշարի 13—րդ գրքույկն է. սա էլ, ինչպես Լ «Լեզուն կտրած ծիտիկը», ճապոնական հեքիաթներ են՝ թարգմանված ռուսերենից։

3 Մ. Թումանյանը Մարուսյա Վարդազարյանին հանդիպել է Աբասթումանում, ուր գնացել էր մի քանի օրով հուլիսի սկզգբներին. նրա ներկայությամբ էլ ստանում ու կարդում է բանաստեղծի՝ հավանաբար հունիսի վերջերին գրած մեզ անհայտ նամակը։ Այդ կորած նամակում է գրված «հոգիների հաղորդակցության» մասին. նույնը Թումանյանը պատմել է նաև 1912 թ. հուլիսի 20—ին Ղ. Աղայանի մահվան տարելիցի առիթով տպագրած «Տխուր հիշողություն» հոդվածում (Հր, 1912, № 130, ՍՀ 6. 358):

4 Այս տողերի շարժառիթը հետևյալն է. Մաղաքիա Օրմանյանն արդեն ճանաչված, հեղինակավոր հոգևորական էր, հայտնի որպես աստվածաբան, գիտնական և հասարակական գործիչ, երբ 1897թ. հունվարին Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի կոնդակով դառնում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: Շուտով խոսակցություններ են տարածվում այն մասին, որ նա որպես պատրիարք չի արդարացնում իրեն (վատնում է արևմտահայ գաղթականության համար հանգանակությամբ կուտակված գումարները, ձգտում է հաշտության և բարեկամության եզրեր գտնել Բ դռան (Կ. Պոլսի իշխանության) հետ, լուրեր են պտտվում լուսավորչական կրոնին նրա անհավատարիմ լինելու մասին, հիշվում 1851—1877 թթ. նրա կաթոլիկական դավանանք ընդունելը և այլն)։ Այսպիսով, մի որոշ ժամանակ անց նա իր դեմ է հանում հայ մտավորականությանը, կուսակցություններին, հոգեվորականությանը և ժողովրդին։ Ի վերջո սրանք գալիս են այն համոզման, որ Օրմանյանը ո՛չ հոգևոր կառավարիչ է, ո՛չ դիվանագետ (Հր, 1911, № 229): Վերջինիս նկատմամբ եղած այս տրամադրվածությունր գալիս էր դեռևս 90—ական թթ., որի բարձրակետը ի հայտ է գալիս 1908 թ. հուլիսին, երբ Կ. Պոլսի բազմամարդ ցույցի ժամանակ, ներխուժելով պատրիարքարան, ցուցարարները Օրմանյանին այլևս չեն ճանաչում որպես պատրիարքի։ Չնայած դրան, Մ. Օրմանյանը ուներ նաև իր համախոհները, որոնց գլուխ կանգնած էին «Մշակ», «Հովիտ», «Սուրհանդակ» պարբերականները, դրանք էլ 1911 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ առաջադրում են նաև նրա թեկնածությունը։ «Հորիզոնը» Թումանյանի գլխավորությամբ հակաօրմանյանական էր։

5 Լինելով հակաօրմանյանական, Ղ. Աղայանը սուր վիճաբանության մեջ էր «Մշակի» և կրոնական «Հովիտ» շաբաթաթերթի հետ (Հր, 1910, № 278, 1911, № 115, «Հովիտ», 1911, № 22): 1911 թ. հունիսին, երբ Աղայանը «Հորիզոնի» խմբագրություն գնալու ճանապարհին հանկարծամահ