Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը պետք է հաջողացներ Ահարոնյանի վերադարձը։ Վերջինս համաներումից հետո արտասահմանից վերադարձել է նախ Պետերբուրգ, 1915 թ. դեկտեմբերին (Հր, 1915, № 291) ապա՝ Թիֆլիս 1916 թ. գարնանը։

190. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

(էջ 202)

Ապրիլի 22

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է՝ ԳԱԹ, Թֆ, № 345։ Գրության ժամանակը որոշվում է ծրարի փոստային կնիքով։

Տպագրվել է Եժ V, 397—399։

1 Խոսքը վերաբերում է Բաքվի ռուսական գեղարվեստական ակումբի հայկական երեկույթներից մեկում Լեոն Աթաբեկյանի՝ մարտի 15-ի դասախոսությանը հայ մտավորականության մասին։ Այդ դասախոսության կապակցությամբ տպագրվել է Ս. Հ.֊ի (Սիմոն Հակոբյան) հոդվածը «Պ. Լ. Աթաբեկյանի դասախոսության առթիվ» վերնագրով։ Հեղինակը, քննադատելով զեկուցողին, թերի է համարում զեկուցումը և նյութը չուսումնասիրված։ Խոսելով 1912 թ. Պետերբուրգի դատավարության ժամանակ մեղադրվող հայ մտավորականության մասին («Դաշնակցության գործի») անպատշաճ որակումներ է տվել նրանց։ Ս. Հ.-ն նման վերաբերմունքի մեջ տեսնում է միտումնավորություն և «անհատական խմբակցական հակակրություն» (Գծ, 1914, № 18)։

Այնուհետև իր «Իմ պատասխանը պ. Ս. Հ.-ին» հոդվածում Լ. Աթաբեկյանը, կրկնելով զեկուցման մտքերը ժամանակակից մտավորականության մասին, քննադատում է նրանց սահմանափակությունը, գործունեության գաղափարազրկությունը և վերստին արհամարհանքով հիշեցնում «Հյուսիսի» դատավարությունը (Մշ, 1914, № 79)։

Իբրև ժամանակակից մտավորականության ներկայացուցիչ և Պետերբուրգի դատավարության մեղադրյալներից մեկը, Թումանյանը կարող էր դժգոհ մնալ Լ. Աթաբեկյանի և՛ դասախոսությունից, որին ծանոթ էր Ս. Հ.֊ի հոդվածից, և՛ վերջինիս ուղղված պատասխանից։ Այստեղից էլ գալիս է նրա խիստ գնահատականը հայ ժողովրդի մասին, որ պետք է բացատրել Լ. Աթաբեկյանի պատասխան հոդվածի անմիջական ազդեցությամբ։

2 Նկատի ունի Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությունը որը կայացեք է 1914 թ. ապրիլի 30-ին (Հր, 1914, № 94, Վահան Տերյան, Երկերի ժողովածու չորս հատորով, հատ. 3, էջ 48—102)։