Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



228. ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Թիֆլիս - Գործող բանակ

(էջ 230)

Հոկտեմբերի 10

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 14։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Թումանյանի եղբայրը՝ Ռոստոմը, տարիներ շարունակ եղել է Լոռու Մարց, Շամուտ, Աթան, մասամբ նաև Քարինջ գյուղերի վանքապատկան հողերի կառավարիչը և գործի բերումով սուր հակասություններ ունեցել հիշյալ բնակավայրերի գյուղացիների հետ, հատկապես, տարեկան տուրքերի մթերքի փոխարեն դրամով գանձելու պատճառով։ Էջմիածի Սինոդի կարգադրությամբ արված տուրքերի գանձման այդ ձևից դժգոհությունը և գյուղացիների հետ ունեցած հողային հնօրյա վեճը (տե՛ս № 168 նամակը և ծանոթագրությունը) օգտագործելով, Թումանյանի հակառակորդները (հարուստ հողատերեր, «Մշակի» աշխատակիցներ) կեղծ նյութեր են հրապարակել Թումանյանների մասին, վարկաբեկել նաև բանաստեղծին։ Բանսարկուների այդ արարքը առաջացրել է հասարակության դժգոհությունը, իսկ Մոսկվայից բողոքել են Վ. Տերյան, Ց. Խանզադյանը, Պ. Մակինցյանը (Հր, 1914, № 19, Վ,. Տերյան, Երկեր, հ. III, 1963, Էջ 326 338):

Ինչպես նամակից էլ երևում է, ինչ-ինչ մեղքեր ունեցել է նաև Ռոստոմը, բայց որ նա զոհ է դարձել թշնամական դավերի, դա պարզորոշ է նախքան սպանությունն օրաթերթերում նրա դեմ տպագրված թղթակցություններից (Մշ, 1914, № 11, 28, 46, 52, Հր, 1914, № 51, 53, 124), «Մշակի» վարկաբեկիչ հոդվածները հովանավորում էր խմբագիր Համբ. Առաքելյանը, դա էլ ստիպել է Թումանյանին հրապարակելու «Դոկումենտները» հոդվածը (Հր, 1914, № 31, 32): Այդ առիթով առաջացած վեճը բանաստեղծի և Համբ. Առաքելյանի միջև, ստանալով սուր կերպարանքը, տևել է բավական երկար և ավարտվել պատերազմը սկսվելուց հետո,

2 Արտաշը (Արտաշես) փոքր եղբայրն է, նրան հղած հեռագիրը չի պահպանվել։

3 Արշավիրը՝ եղբայր, նույնպես գործող բանակում էր։

4 Այդ հիվանդագին վիճակը կապված էր հունիսին դեպի Վան կատարած ճամփորդության, էջմիածնում կրած տառապանքի, խոր ապրումների և եղբոր ողբերգական վախճանի հետ։ Հիվանդությունը, ձգձգվելով, առաջացրել է նաև «Հորիզոնի» մտահոգությունը, որը իր նոյեմբերի 28֊ի համարում ( №268) հայտնում է, թե բժիշկների խորհրդով «բանաստեղծը շուտով պետք է մեկնի հանքային ջրեր բժշկվելու»։ Նա բուժման է գնում Բորժոմ, 1916 թ. ամռանը: