Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



302. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս–Երևան
(էջ 305)
Մարտի 4

Հեռագրի բնագիրը պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 199, ց 1, գ 47, թ 14։ Երկրորդ էջում մարտի 5 թվագրությամբ մակագրված է. «Մեծապատիվ Ալ. Իվանովիչ, այս խնդրի վիճակը Ձեզ հայտնի է. արդյոք մինիստրը ոչինչ ձեռնարկել չէ՞ կարող՝ թերևս կառավարությունն իր պատասխանատվությամբ մի բան անե»։

Այնուհետև պաշտոնական հեռագիրը հղվում է Հայաստանի Ազգային խորհրդի նախագահի տնօրինությանը։

Տպագրվում է առաջին անգամ։

Հայաստանի կառավարությունը թեպետ խոստանում է անհրաժեշտ գումարը փոխադրել, բայց խոստումը չի կատարում։ Հարցը քննարկվում է ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի ապրիլի 14-ի նիստում, առաջարկվում է ներկայացուցիչ ուղարկել Երևան՝ համոզելու կառավարությանը գումարն ուղարկել, բայց Թումանյանը և Համբարձումյանը դեմ են արտահայտվում։ Ի վերջո որոշվում է քննիչ հանձնաժողովի (բյուրոյի) գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, բայց այլևս այդ գործը վերսկսել հնարավոր չի լինում (այդ մասին տե՛ս նաև հունիսի 15-ի պաշտոնական գրությունը Ալ. Խատիսյանին)։

Թարգմանություն
ՄԻՆԻՍՏՐ ՆԱԽԱԳԱՀ ԽԱՏԻՍՈՎԻՆ

Համաշխարհային պատերազմում հայերի կրած վնասները որոշող բյուրոն թախանձագին խնդրում է արագացնել Պառլամենտի թույլտվությունը 300000 դրամական օժանդակության հարցը բյուրոյի աշխատանքների համար։ Դանդաղելը կարող է հանգեցնել բյուրոյի գործունեության լուծարմանը՝ մասնավոր միջոցներով հավաքված գումարի սպառման պատճառով։ Բարեհաճեցեք պատասխանը հեռագրել։

Բյուրոյի նախագահ՝Հովհաննես Թումանյան