սըրտում...»), որոնք ավարտում են շարքը, և, անշուշտ, սկզբունքային նշանակություն ունեն այն իր ամբողջության մեջ հասկանալու համար:
Թումանյանի հետմահու հրատարակություեներում քառյակները տարբեր սկզբունքներով են տպագրվել։ Ե. Չարենցի խմբագրած «Գեղարվեստական երկեր» գրքում (1934) հեղինակի կենդանության ժամանակ տպագրվածներին ավելացվեց ևս վեց քառյակ՝ նրանց ընդհանուր թիվը հասանելով 52-ի, իսկ տասը քառյակ էլ տեղ գտան «Անտիպ բանաստեղծություններ» բաժնում: Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության առաջին հատորում (1950) բանաստեղծի կողմից չտպագրված բոլոր՝ և՛ ավարտուն, և՛ սևագիր քառյակները տեղադրվեցին հիմնական շարքից դուրս, «Ֆրագմենտներ և սևագրություններ» բաժնի տարրեր տարեթվերի տակ: Դասավորության և տեղադրման կայուն սկզբունք չի եղել նաև Թումանյանի երկերի մյուս ժողովածուների, ինչպես և քառյակների առանձին հրատարակությունների մեջ (1934, 1938, 1960)։
Ներկա հատորում, ելնելով այս հրատարակության մեջ ընդունված միասնական սկզբունքից, քառյակները ևս դասավորվել են մեկ ընդհանուր շարքի մեջ, ժամանակագրական կարգով, բացի սևագիր և անավարտ գործերից, որոնք կազմում են առանձին բաժին։
Ի՛նչը մղեց հայ էպիկական բանաստեղծության խոշորագույն վարպետին, որ նա կյանքի վերջում այդքան մեծ ուշադրություն հատկացներ «բանաստեղծական մանրանկարի»՝ քառյակի ժանրին։ Պահպանվել է մի շատ հետաքրքիր և մինչև այժմ անտիպ մնացած գրառում, որ Թումանյանը վերնագրել է այսպես. «Ինչու սկսեցի քառյակներ գրել» (գրության ճիշտ ժամանակը հայտնի չէ, միայն կարելի է ասել, որ գրվել է 1919 թ. նոյեմբերից հետո, քանի որ վերջում հիշատակվում է այդ ժամանակ ստեղծված «Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր...» քառյակը)։ Այդ գրության մեջ հիշատակվում են մի քանի կենսագրական փաստեր, հատկապես հարազատների կորուստը (Ռոստոմ և Արտաշես եղբայրների սպանվելը, ապա և որդու՝ Արտիկի զոհվելը), որ եղել են քառյակների մեջ արտահայտված ողբերգական մտորումների կենսական հիմքը։ Բանաստեղծը գրում է.
«1915 թվի սեպտեմբերին սպանվեց եղբայրս—Ռոստոմը։ Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր. շատ լավ գիտեր արևելյան նաղլերը—պոեմները թուրքերեն—Ասլի Քյարամ, աշըղ Ղարիբ և այլն, և այլն և շատ բայաթի, ու միշտ նվագում էր ու երգում։
Մահից հետո զարմանալի կենդանի նրա ձենը մնաց ականջիս մեջ ու երգում էր շարունակ։ Էդ երգերից ազդված սկսեցի բայաթիներ գրել–քառյակներ և սկսեցի հենց իրենցից— Արտաշը—(հետն էլ հայրենիքի կարոտը, ծղրիդ և այլն)։
1918-ի սկզրներին ընդունեցի ազգային խորհրդի լիազորությունը և ընդհատվեց երկար։
Ապա տակն ու վրա։—