Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ։
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
740 Դու էլ գընա նոր սեր արա,
Էդպես է կարգն աշխարհի։

― Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր,
Աստված պահե քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին․․․
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ,
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ․․․

750 Ու ման է գալիս
Երգում ու լալիս։
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նըման հոսում են իզուր.
Բայց լալիս է նա ու երգեր ասում,
Ու միշտ էն անմիտ տըրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մընացին որբ ու անչոբան,
Թե ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու,
760 Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու․․․
     ― Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ,
     Ե՛տ դառ, անիրա՛վ,
     Կարոտած յարիդ
     Աչքը ջուր դառավ։
     Ոչխարդ էն սարով
     Շուռ տուր, տո՛ւն արի,
     Փախի՛ր գիշերով
     Ու թաքուն արի․․․

106