Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XI

   Դուրս եկանք դուռը։ Նայեցի վերև։
Վերևն, ինչպես միշտ, փայլում էր արև.
Բոլորն աշխարքում կարգին ու հանդարտ,
Ու ինչպես երեկ՝ էնպես ամեն մարդ…
Բայց երկինքն էնքա՜ն պայծառ էր այնօր,
Եվ պայծառությունն էնքա՜ն էր տըրտում,
Տըրտմությունն էնքան խոր, հանդիսավոր,
Որ թըվում էր ինձ, թե ջինջ կապույտում՝
Վերջին հըրաժեշտ տալով աշխարհքին՝
280 Ճախրում էր նըրա հեռացող հոգին…
Ու մըտքովս անցավ հանկարծ ակամա,
Թե արդյոք նըրա աչքերը անմահ
Նայո՞ւմ են ներքև, տեսնո՞ւմ են ինձ էլ,
Թե ո՛նց եմ ցավիս տակին կորացել…
Եվ կամ ո՞րն է նա. էն շո՞ղն է պայծառ,
Որ զվարթ խաղով, աշխույժ ու կայտառ
Կորչում է, մըտնում թուխպ ամպի ետև,
Ազատ, երկնաչու էն ա՞մպն է թեթև,
Թե՞ էն աղավնին, որ հիմա թըռավ,
290 Անփույթ ճախրելով՝ ջինջ օդում կորավ…


XII

   Հանդո՜ւգըն մտքեր, ո՞ւր եք սըլանում։
Ի՞նչ եք որոնում էն մութ սահմանում։
Ահա մեր կյանքի սահմանը վերջին,
Էս սև ու տըխուր թումբերը չընչին…
Լո՜ւռ գերեզմաններ. քանի՜ սըգավոր
Ձեր եզերքներին կանգնել են մի օր,
Էս դատարկ կյանքին, անհաստատ բախտին
Անեծքներ տալով բեկվել, հեռացել,
Երբ որ սիրածի դագաղը մըթին
300 Վիհ են իջեցրել ու դեմքը ծածկել…