Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ որքա՜ն ըղձեր, սըրտեր ու զգացմունք
Թաղված են, մարած ձեր լուռ փոսերում.
Ահա և՛ մի նոր բարձրացրած սև թումբ,
Դեռ թաց է հողը, դեռ խունկ է բուրում,
Իսկ մենք ուզում ենք ուրիշին թաղել,
Որ ապրում էր դեռ երկու օր առաջ…
Եվ անշուշտ մի օր սըրա շիրիմն էլ
Կըծածկի նույնպես մամուռը կանաչ,
Կանի հավասար քարին ու հողին,
310 Ինչպես դըրացու անկողինը հին։
Նըրանից հետո դե՛ եկ՝ իմացի՛ր,
Թե ո՛վ է թաղված քո ոտի տակին,
Ի՜նչ ցեղից էր նա, ի՜նչ ձիրքեր ուներ,
Անահ հերո՞ս էր, գեղանի մի կի՞ն,
Անհոգ մի ջահե՞լ, անկըշտում ագա՞հ,
Աղքա՞տ, թե հարո՞ւստ,— ձե՜ն, նըշան չըկա…


XIII

    Եվ… իջնում էր նա ընդմիշտ իմ աչքից,
Կյանքից, արևից, էս լուս աշխարքից…
Կորացա, վերջին համբույրս տըվի,
320 Ու էն համբույրով դագաղում դըրի
Խընդում, սեր, ըղձեր, ամե՜ն, ամեն բան…
Ինձ ետ քաշեցին, մի կողմը տարան։
Իսկույն հետևեց խուլ գըրգրռոցը,
Քարով ու հողով լըցրին էն փոսը,
Դագաղն էլ, ինքն էլ ծածկվեցին հանկարծ,
Ասես թե բընավ աշխարհ չէր եկած,
Եվ այսուհետև երբե՜ք, հավիտյան
Էլ չէր տեսնելու արևը նըրան…
Հուղարկներն այնժամ մոտ եկան մի-մի.
330 — Է՜հ, աստված նըրա հոգուն ողորմի.
Մի օր էլ մենք ենք էսպես գընալու,
Կյանքն էլ է դատարկ, մարդն էլ է դատարկ,