Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ո՜վ է աշխարքիս վըրա մընալու.
Անցավոր են ողջ— բախտ, վայելք ու փառք…
Ասացին՝ հանգիստ հոգոց հանելով,
Ու դարձյալ հանգիստ զըրույց անելով
Գընացին իրենց տըները անհոգ։
Շուրջըս նայեցի, չէր լալիս ոչ ոք.
Երկինքն էլ էնպես պայծա՜ռ ու հանդարտ…
340 Եվ ինչպես երեկ, էնպես ամեն մարդ…


XIV

    Եկավ գիշերը։ Իմ հոգնած հոգուն
Իջավ տանջալի մի խաղաղություն։
Վայր ընկա, ինչպես ուժաթափ մի բան,
Որ զգում է միայն կարոտ հանգըստյան,
Բայց ճըգնում է դեռ, աշխատում ունայն,
Ուզում է հիշել, թե ինչ բան էր այն.
Մի խառըն երա՞զ էր, մի աշխա՞րք ուրիշ,
Գինու մի քե՞ֆ էր, ծաղը՞ր, թե՞ պատիժ…

    Մըրափը սակայն ծանըր ու դանդաղ
350 Չոքեց ինձ վըրա՝ սև թևերը կախ,
Միտքըս իր թելը կըտրեց ու թըռավ,
Անհուն, խավարչտին քաոսում կորավ.
Մահ, մեռել, շիրիմ—թեթև հեռացան,
Ու հեռանալով՝ փոխվեցին, դարձան
Ամպեր, ըստվերներ, կետեր երերուն,
Դողացին, հանգան, ու մըթնեց հեռուն…
Կարճատև մի քուն եկավ ինձ վըրա,
Եվ ես մյուս անգամ երազում տեսա.


XV

    Հընչում էր փըրփրուն վըտակն արծաթի,
360 Արևը խաղում պայծառ կապույտում.