Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զուռնա են ածում, թմբուկ են զարկում…
Այսպիսի դեպքեր շատ են պատահած,
150 Նույնիսկ Սաքոյին քանի՜սն են պատմած...
Եվ հիշողությունն օրերից անցած
Ետ կանչեց ձայներ վաղուց մոռացած,
Ձայներ ահալի, տխուր պատմության,
Չար ոգիների գործած չարության։
Տատի խոսքերը նրա ականջին
Ուրվաձայն, երկչոտ հնչեցին կրկին.
Հնչեցին երկար, մինչև նրա վառ
Երևակայությունը գրգռեցին իսպառ:-
Ահա պատկերներ, տգեղ, այլանդակ,
160 Անհեթեթ շարքով, խառըն և անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևացին և-անցնում են կամաց։
Աչքերը միայն կրակին հառած
Ծանըր է շնչում Սաքոն ահառած,
Եվ առողջ կուրծքը լեռնական մարդու
Ալեկոծում է կասկած ահարկու.
Այլև ինչ կասկած,-նա հավատում է.


VII

«Ո՞վ է հող թափում այս բուխուրակից...
Վա՜հ... այն ո՞վ է... երդըկից
170 Դիվական ծիծաղն երեսին նայում...
Պլըզած աչքերն ի՜նչպես են փայլում...
Թե աստղեր էին, որ պսպըղացին...
Չէ՛, աչքեր էին... ա՛յ, ծիծաղեցին...
Ի՞նչ ոտնաձայն էր, որ կտրովըն եկավ...
Թեթև քայլերով դռանը մոտեցավ...
Ո՞վ պետք է լինի... Ինչո՞ւ չէ խոսում...
Այսպես տարաժամ ի՞նչ բան է ուզում...
Բայց ինչպես եղավ, ազազիլ Զորին
Չըպատառոտեց անժամ եկվորին...
180 Այս ի՞նչպես եկավ... չէ՛, սա ով որ է,