Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդնդանման խոր Լոռու ձորում
Մի բարձրահասակ մարդ է թափառում։
250 Ստվերի նման, ծառերի տակին
Հայտնվում է մին, չքանում կրկին.
Եվ լայն խանչալի դաստակը կողքին
Զարկելով գոտու երկաթյա թողկին,
Չըրխկչրխկում է, կարծես յուր զարկով
Համրում է նրա քայլերը կարգով։
Հնչում է զուռնան մութ քարանձավից.
Չարերը վազում նրա ետևից,
Դեբեդն էլ անդուլ գոռում է. «հա՜,
Այստեղ է Սաքո՜ն, այստեղ է ահա՜»։
260 Եվ դուրս են թռչում յուր ալիքներից
Գիսախռիվ ալքերն իրար ետևից,
Վազում են՝ բռնեն իգիթ Սաքոյին,
Որ տանեն գետի հատակը խորին։
Քար ու մացառուտ առած ոտնատակ
Թռչում է Սաքոն քամուց էլ արագ,
Սակայն, առաջին ցոլացին աչքեր,
Թփից դուրս թռան մի քանի քաջքեր։
Մի ակնթարթում Սաքոն յուր թափը
Կոտրեց և իսկույն թողեց գետափը...
270 Արձագանք տվեց ձորն այդ միջոցին
Նրա ազազիլ գամփռի հաչոցին.
Փարախն էլ գուցե մի գայլ է մտել,
Աղքատի հոտը կերել, խեղդոտել։
Խելազուրկ Սաքոն ոչինչ չէ հիշում,
Քշում են նրան, չարերը քշում,
Քաջքերն էլ այրից զուռնա-դհոլով
Կանչում են, կանչում ծանոթ ձայներով.
Իսկ Ձորագետից ալքեր են թռչում,
Եվ ալիքները փրփրադեզ ուռչում,
280 Մռայլի միջին ծփում են կայտառ՝
— Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար: