Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Քնում՝ փաթաթված յուր սև յափնջում,
Մինչև մոտակա գյուղիցը կըրկին
Աքաղաղները ծուղրուղո՜ւ կանչում,
Կամ թե արևի շողերն են ծագում-
Աչքերը ծակում,
150 Հալածում դեպի անհայտ աշխարքի,
Աշխարքի տակի
Ծածուկ այրերը,
Ուր որ ապրում են մութն ու գիշերը։

_______

Իրիկունն եկավ, մըզդուրներն արդեն,
Հանդից հավաքվել, վառել են օդեն,
Շհուն ու պըկուն խառնել են իրար,
Խաղում են, ասում,-խնդում միալար:
Եվ ախորժաձայն սրինգն հովվական
Խոսում է կարծես,-մին հովվի նման
160 Ոչխարի շանն է ձայն տալիս, կանչում,
Մին էլ շան նման հաչում, կլանչում…
Լսե՞լ ես, երբ լուռ գիշերվա ժամին
Տերևներն զգույշ շարժում է քամին,
Եվ կամ թե նեղլիկ լեռնային կիրճում
Ոնց է հուսահատ հողմը մռընչում։
Ակա՞նջ ես դրել, թե ոնց է երգում
Առվակի կարկաչն անտառի խորքում,
Լսե՞լ ես հեզիկ խոխոջն աղբյուրի,
Փափուկ մեղեդին լեռնային ջըրի...
170 Ամենքից ջոկած, առած մի հնչյուն,
Հնչում է իգիթ Սաքոյի շըհուն,
Իսկ ընկերներից մեկը սրտալի
Երգում է, կանչում, ինչքան ձայն ունի։
Եվ մելամաղձոտ նրանց բայաթին
Գովեստ է տալիս վեհանձն իգիթին,
Կամ հայրենիքի հողին ու քարին,
Սիրավառ կանչում սևաչյա յարին...
Եվ ամեն մի ձայն այն երգում այնքան
Պարզ է և ուժգին, այնքա՜ն բնական,