Աչքերը խլել են շողերն երկնքի,
Որ լուսավորեն իրանց հայացքով 270
Մռայլությունը մարդկային կյանքի։
XV
Հողեղեն հրեշտակ, դու, որ անպատճառ
Ոգևորության համար ես ծնվել,
Թե կարենայիր մեր անմխիթար
Կյանքին մի ազատ հայացքով նայել,
Գուցե չըհանգչեր մարդոց սրտերում
Անվերջ ապրելու սերն աստվածային,
Թերևս այսքան ցավեր անպատում
Այս ժողովրդի գլխին չըգային.-
Քեզ հետ, քո սիրով մարդը թև առած 280
Կարող է թեկուզ երկինքը թռչել,
Ինչպես առանց քեզ, չքնա՜ղ արարած,
Վիճակված է միշտ հուսահատ կորչել,
Բայց ես ընդհատված իմ խոսքն ասեմ թող,
Եվ դու կիմանաս, որ այն աչքերի
Հրապուրանքը հոգի կախարդող
Հանգչում է ծովում արտասուքների։
XVI
Ժամանակի հետ միանգամ վառված
Սերը զորացավ նորանոր զարկով,
Եվ ժամանակ էր, որ սիրահարված 290
Աղջիկն ու տղան միանան կարգով։
Բայց ի՞նչ եմ ասում,-Քոշաքար սարի
Հովիվը կռո՞ է, գնա հորն ասի,
Որ իրան համար հարսնացու ճարի
Կամ ծնողներից Անուշին ուզի.
Կամ թե այն ազատ լերանց հովվուհին-
Սիրուն Անուշը յուր մաքուր սիրով
Չի՞ հրապուրում խանդավառ հովվին.
Եվ արժանի՞ չէ, որ փախցնեն զորով։