Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Դուրս գնա՛, կորի՛ր, ա՛յ լիրբ, անզգամ,
Սև ու սուգ լինի թագ ու պսակըդ,
Կորի՜ր, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մտնի երկար հասակըդ...
Տեսար, որ նրան ատում է Մոսին,
520 Տեսար չեն ուզում նրան հերնումերդ,
Դու քանի՞ գլուխ ունես քո ուսին,
Որ վեր ես կենում փախչում նրա հետ...»
Խռնված գյուղացիք կտուրից իջան
Հանգստացնելու բարկությունը հոր,
Հայտնվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հսկա ալևոր։
Անուշը կանանց խմբի մեջ ընկած
Դեռ հեկեկում էր, լալիս դառնագին,
Եվ ժողովուրդը տանից դուրս գնաց-
530 Խոստովանեցնի տերտերն Անուշին։

XXX



Մի կարճ քարոզից հետո քահանան
Սիրուն Անուշին հորդորեց այսպես.-
«Արդյոք ճշմարիտ սիրո՞ւմ ես նրան,
Թե խաբեց զոռով փախցրեց նա քեզ.
Մի՛ վախիր, ասա՛, եթե սիրում ես,
Ձեզ կըպսակեմ, միամիտ մնա,
Եթե չես սիրում ինձ հայտնիր նույնպես,
Որ հանցավորը պատիժն ստանա»։
Երեսը ծածկած սաստիկ ամոթից,
540 Լցված աչքերը գետին խոնարհած,
Անուշը կամաց, ձեռքերի տակից,
Խոսաց դողալով, իրան կորցրած.
«Իմ կամքով փախա... սիրում եմ, տերտեր...
Չէ՞ որ ասացիր մեզ կըպսակես...»

-Այն ո՞վ էր արդյոք, տեսեք ի՞նչ մարդ էր,
Որ դուրսը հանկարծ աղմկեց այսպես.