Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

580 Քարափի գլխին կանգնեց անհամբեր.
Լո՜ւռ, սրտատրոփ ականջ են դնում,
Նայում են ներքև. ձայն չէ գալիս դեռ...
Միայն Ձորագետն է անդնդում հուզված
Խլաձայն ողբով վազում դեպի ցած։

XXXII


Եվ մարդասպանը դուրս եկավ ձորից.
Մոլոր է հաղթական նրա քայլվածքը,
Սարսափ է ընկնում արնոտ աչքերից
Եվ խառնված է հպարտ հայացքը։
Առանց նայելու մարդկանց երեսին,
590 Առանց խոսալու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տվեց սնին
Սև հրացանը սև օձի նման։
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծպըտալ չի համարձակվում,
Միմիայն մեկը անզուսպ կատաղած
Աղաղակում է, երեսը պոկում։
Մեռած իգիթի ծեր մայրիկն է նա,
Հավար է կանչում, բարձրաձայն լալիս.
Տարաբա՜խտ ծնող, վազում է ահա,
600 Ձորիցն է նորա գոռոցը գալիս։

XXXIII


Սգավոր կանայք նորա ետևից
«Հարա՜յ» կանչելով ձորը վազեցին,
Իրանց կորցրածն էլ հիշելով նորից,
Դիակի շուրջը կարգով շարվեցին։
Իգիթին վայել սրտառուչ ողբով
Լացուկոծ արին ձեն-ձենի տված,
Տղերքն էլ տրտում, կորացրած գլխով
Մնացին մոտիկ քարերին նստած։
Ողբացին անշունչ դիակի վերա