Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանաստեղծ շինել մի անմեղ մարդու,
400 Բերանը դընել հիմար երգերը
Ու բերել-ձըգել հայոց երկիրը...

Այս բա՞ն է, Մուսա,
Դե ինքըդ ասա։


-Միթե, հիրավի, հայոց աշխարհքում
Մարդիկ պոետին իսկի շեն հարգում։
-Միամիտ Մուսա, ի՛նչ ես պահանջում.
Ոչ թե չեն հարգում, չեն էլ ճանաչում։
Մեր խեղճ տանըցիք որքան նախատում,
Բայց ես, միշտ համառ, չէի հավատում,
410 Մինչև լըսեցի մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի,
Որ գիտե ամեն գիրք, պաշտոն ու գործ.
Մի օր իմ գործից արավ հարցուփորձ.

-Բանաստեղծ եմ ես, ասացի հըպարտ.
-Դժվար է, ասաց, երբ անգործ է մարդ.
-Բանաստեղծ եմ ես, կրկնեցի մեկ էլ.
-Հասկացանք, ասաց, պարապ ես եղել...»


Բայց վերջն ավելի պարզեր խնդիրը,
Երբ հոդված գըրեց մեր լրագիրը,
420 Թե բանաստեղծը թող այլ բան շինի,
Որ հաց ուտելու արժանի լինի,
Թե չէ համառի ու մնա պոետ,
Ի՞նչ հաշիվ ունի ազգը նրա հետ.
Ազգը հո նրան չի խնդրում գրի,
Թերթն էլ փող չունի թե որ վճարի...
Թող գնա-ապրի իրան գըրիչով,
Թե ոչինչ է այն հենց այն ոչընչով.

Ներշնչման համար
Այսպես է հարմար...
430 Կարող ենք մենք էլ
Ուժգին մըտրակել
Ու ծաղրել մի-մի
Որ հառաջ դիմի։