Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Անմխիթարանք և որդուդ կարոտ.
Բայց և քո տխուր գերեզմանի մոտ
Չի կանգնելու քո Մհեն երբեք․․․
Դուք այնտե՜ղ, այնտեղ իրար կըգրկեք․․․

V

   ― Վարդիթեր քույրիկ, գիշերս երազում
190 Դռնիցն ականջիս մի ձայն է հասնում,
Տնքում է երկա՜ր և ծանր հառաչում,
Հանկարծ մի կամաց Մեհրի է կանչում։
Դուրս եկա, տեսնեմ՝ Մհեն է կանգնած
Մի սև ձի հեծած, թռավ ու գնաց.
Ետնուց կանչեցի՝ Մհե՜, կաց, արի՛.
Հենց այս կանչերումն աչքս բաց արի։
Էլ ետ չընայեց, սև ձիուն հեծած,
Սև շորեր հագած, սև ճամփով գնաց.
Քամու նման էր այն սև ձին վազում.
200 Ի՞նչ է, Վարդիթեր, սև ձին երազում։
  ― Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի։
   ― Երեք օր առաջ Շողերի գարին
Թեև մոտիկ էր ցույց տալիս բարին,
Բայց չար հարամին (նա այսպես ասաց)
Ճամփա չէ տալիս առաջը կտրած։
   ― Մեհրի, տեր աստված բարին հառաջի,
Գրավ խոստացի՛ր սրբի ու խաչի։
   ― Իսկ այս առավոտ մի ագռավ եկավ
210 Երդիկին վեր եկավ, սիրտս դող ընկավ,
Երբ բերան բացեց, գլուխն ուտե իրան,
Բոթաձայն կռավեց ճիշտ երեք բերան։
   ― Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի։

43