Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


առաջին հատորի (1909, 1914) մեջ պոեմներից ո՛չ մեկի գրության թվականը չի նշված։ Գրության ժամանակի նշումներ կան միայն «Բանաստեղծությունների» Թիֆլիսի (1903) և Կ. Պոլսի (1922) հրատարակությունների մեջ, բայց ոչ բոլոր պոեմների համար։ Այդ ժողովածուներում թվագրված են միայն «Մարոն» (1887), «Դեպի Անհունը» (1894) և «Սասունցի Դավիթը» (1902), իսկ մնացած պոեմների («Լոռեցի Սաքոն», «Անուշ», «Հին կռիվը», «Պոետն ու Մուսան», «Թմկաբերդի առումը») գրության թվականը չի նշված։ Անշուշտ, սա «մոռացության» կամ «անհետևողականության» արդյունք չէր, այլ ուներ իր որոշակի դրդապատճառները։ Ըստ երևույթին, Թումանյանն ինքն էլ տատանվել է, չի կարողացել կողմնորոշվել, թե ո՛րը պիտի համարել այդ պոեմների գրության ճշգրիտ թվականը՝ արդյոք նախնական տարբերակի ստեղծման ժամանակը, թե վերջնական մշակման կամ նրա տպագրության։

Հետմահու հրատարակություններում փորձ է արվել, ելնելով պոեմների ստեղծագործական պատմության տվյալներից և զանազան վկայություններից, ավելի ճշգրտորեն նշել նրանց գրության թվականները։ Վերցնենք միայն երկու՝ ամենից հեղինակավոր հրատարակությունները։ Ե. Չարենցի խմբագրությամբ լույս տեսած «Գեղարվեստական երկեր» գրքում (1934), որի տեքստի պատրաստմանը գործուն մասնակցություն է ունեցեք բանաստեղծի դուստը Նվարդ Թումանյանը, նշված են պոեմների գրության հետևյալ թվականները. «Մարոն» — 1887, «Լոռեցի Սաքոն» — 1889, հատվածներ «Հառաչանք» պոեմից — 1890, «Դեպի Անհունը» — 1894, «Պոետն ու Մուսան» — 1901, «Անուշ» — 1901—1902, «Սասունցի Դավիթը» — 1902, «Թմկաբերդի առումը» — 1902, հատվածներ «Հազարան բըլբուլից» — 1914։

Նույն ժամանակագրությունն է ընդունված նաև Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության 2-րդ հատորում (1940), որի բնագիրը և ծանոթագրությունները կազմել են Ն. Թումանյանը և Ա. Ինճիկյանը։ Մտցված են միայն հետևյալ մասնավոր փոփոխությունները։ Իբրև «Անուշի» վերջնական գրության թվական նշվում է միայն 1901-ը (էջ 43), թեև հատորի ծանոթագրությունների մեջ ասվում է, որ պոեմի վերամշակումը շարունակվել է նաև 1902 թ. Աբասթումանում (էջ 369)։ «Հազարան բըլբուլի» հատվածների համար տրվում է կրկնակի թվագրություն՝ 1898—1914։ Նույն հրատարակության 6-րդ հատորում «Հին կռիվը» պոեմի պահպանված մասերը թվագրված են 1890՝ հիմք ստեղծելով շատ թյուրիմացությունների համար։

Թումանյանի պոեմների այս՝ զգալի չափով կանոնիկ դարձած թվագրությունը, սակայն, մի շարք դեպքերում պահանջում է քննական մոտեցում և ճշտումներ։ Դա վերաբերում է նույնիսկ այն պոեմներին, որոնց գրության թվականները նշված են իր՝ բանաստեղծի կողմից։ Սկսենք այս վերջիններից։