Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


«Մարոն» պոեմի վերամշակումից հետո էլ նրա տակ դնելով գրության նախկին թվականը՝ 1887, Թումանյանը ղեկավարվում էր հետևյալ նկատառումով։ Թեև 1903 և 1922 թթ. հրատարակությունների մեջ պոեմը ենթարկվել է ոճական և կառուցվածքային զգալի փոփոխությունների և փոքրացել է ծավալով (առաջին տարբերակի 204 տողի փոխարեն 158 տող), սակայն նրա սյուժեն և հուզական-գաղափարական բովանդակությունը հիմնականում նույնն են մնացել։ Անշուշտ, իր վերամշակված տեսքով էլ «Մարոն» ընկալվում է իբրև մանկական տպավորությունների և մտորումների արգասիք։ Այդ պատճառով պոեմի 1887 թվագրությունը պետք է պահպանվի, միաժամանակ չմոռանալով, որ վերջնական տարբերակի մեջ արտահայտվել են նաև հասուն շրջանի թումանյանական վարպետության հատկանիշները։

Շատ ավելի բարդ է «Դեպի Անհունը» պոեմի թվագրության խնդիրը։ Պոեմի տակ նշելով 1894 թվականը, Թումանյանը նկատի ուներ առաջին, ծավալով զգալիորեն ավելի մեծ տարբերակը, որն իրոք նախապես գրվել է այդ թվականին։ Թումանյանն, ըստ երևույթին, ուզում էր հատուկ հիշեցնել և ընդգծել այդ թվականը, որովհետև հասուն տարիքում նա մի առանձին հպարտությամբ էր մտածում այն մասին, որ այդ ժամանակ լինելով շատ երիտասարդ կարողացել է ստեղծել այդպիսի փիլիսոփայական խորքի մի գործ։ Ըստ Ն. Թումանյանի վկայության, բանաստեղծը «սիրում էր «Դեպի Անհունը» ու զարմանում, որ 24 տարեկան հասակում էդ տեսակ բան է գրել՝ իր տարիքից վեր ու վաղ»։ Նա սիրով էր հիշում նաև այն, որ պոեմի առաջին ընթերցողներից շատերը (Հ. Մանանդյան, Ս. Տիգրանյան, Գ. Տեր-Մկրտչյան և ուրիշներ) «Դեպի Անհունը» համարել են իր «գրվածքների գլուխգործոցը», «գլխավոր երկը», իսկ Ղ. Աղայանը, պոեմի ուժեղ տպավորության տակ ամենադրական իմաստով ասել է. «Գրել ես, բայց ինքդ էլ չգիտես, թե ինչ ես գրել» (տե՛ս Ն. Թումանյան, Զրույցը Թումանյանի կյանքում։- «Սովետական գրականություն և արվեստ», 1943, № 3, էջ 87։ Նույնի՝ Հուշեր և զրույցներ, էջ 174—175։ ԹԺՀ, էջ 893)։ Ըստ երևույթին, ահա այդ նկատառումով «Դեպի Անհունի» 1903 և 1922 թթ. հրատարակությունների մեջ Թումանյանն անհրաժեշտ է համարել որոշակիորեն նշել և առանձնացնել 1894 թվականը, իբրև պոեմի մտահղացման և նախնական տարբերակի ստեղծման ժամանակ։

Սակայն հայտնի է նաև, որ անգամ «Դեպի Անհունի» առաջին տարբերակը 1894 թվականին դեռ լիովին ավարտված չի եղել։ Աշխատանքը նրա վրա շարունակվել է առնվազն մինչև 1898 թ., երբ Թումանյանը պոեմի ձեռագիրը տվել է շատերին ընթերցելու։ Հենց այդ ժամանակ էլ մի քանի բարեկամների, առաջին հերթին Լ. Շանթի խորհրդով Թումանյանն ամբողջովին հրաժարվել է պոեմի երկրորդ մասից, ուր ներկայացվում էր լեթարգիկ քնի մեջ ընկած հերոսուհուն՝ Հասմիկին կենդանի թաղելու ողբերգական պատմությունը։ Նա ընտրել է երկի ուրիշ վերջավորություն՝