Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ընդգծելով մահվան ողբերգության համամարդկային փիլիսոփայական կողմը։ Սակայն անցավ ևս հինգ տարի, մինչև որ պոեմն ստացավ իր վերջնական տեսքը և 1903 թ. գրեթե միաժամանակ տպագրվեց «Մուրճ» ամսագրում և «Բանաստեղծությունների» թիֆլիսյան գրքում։ Թեև հետագայում, մանավանդ կյանքի վերջին տարիներին, Թումանյանը բազմիցս ափսոսանք է հայտնել պոեմի երկրորդ մասը ոչնչացնելու համար, բայց նա այլևս չանդրադարձավ այդ երկին, և 1903 թվականով «Դեպի Անհունի» ստեգծագործական պատմությունը փաստորեն ավարտվում է։

Այսպիսով, «Դեպի Անհունի» վրա Թումանյանն ընդհատումներով աշխատել է շուրջ մեկ տասնամյակ՝ 1894—1903 թթ.։ Հետևաբար, հեղինակային նշումը՝ 1894, զգալի չափով պայմանական բնույթ ունի և պետք է համարվի պոեմի ստեղծման առաջին աստիճանը։

Ավելի հավաստի է «Սասունցի Դավիթը» պոեմի 1902 թվագրությունը, որը կա պոեմի 1903, 1904 և 1922 թթ. հրատարակություններում։ Իրոք, պոեմի առաջին մասը, որն ավարտվում է Մսրա Մելիքի անկումով և ինքնին ամբողջական մի երկ է, գրվել է 1902-ին։ Սակայն չպետք է մոռանալ, որ դրանից հետո էլ, հրատարակությունից հրատարակություն, Թումանյանը բազմաթիվ ուղղումներ, կրճատումներ և լրացումներ է մտցրել պոեմում և վերջնական տարբերակին հասել է միայն կյանքի վերջում՝ 1922 թ. պոլսյան հրատարակության մեջ։ Այնպես որ 1902 թվականը «Սասունցի Դավթի» ստեղծման հիմնական տարին է, բայց ոչ մշակման աշխատանքների ավարտման։ Ինչ վերաբերում է պոեմի երկրորդ մասի սկզբին (շուրջ 80 տող), ապա այն գրվել է, հավանաբար, 1904-ին, իսկ շարունակությունը նա այդպես էլ չհասցրեց գրել, թեև հետագա տարիներին բազմիցս ցանկացել է ձեռնամուխ լինել այդ գործին։

Անցնենք այն պոեմներին, որոնք զետեղելով իր ժողովածուներում, Թումանյանը չի նշել գրության թվականը կամ, ավելի ճիշտ, դժվարացել է նշել։ Դրանք հինգն են՝ «Լոռեցի Սաքոն», «Անուշ», «Պոետն ու Մուսան», «Հին կռիվը» և «Թմկաբերդի առումը»։

Ասվեց, որ «Լոռեցի Սաքոյի» առաջին տարբերակն ունի 1889 թվագրական նշումը։ 1895 թ. Թումանյանը հիմնովին վերամշակեց և լրացրեց պոեմը, որը հաջորդ տարի լույս տեսավ առանձին գրքույկով։ Պոեմի երրորդ կանոնիկ դարձած և հասարակական ճանաչում գտած տարբերակը երևան եկավ 1903 թ. ժողովածուի մեջ, առանց թվականի նշման: Թումանյանը ոչ ցանկացել է մատնանշել առաջին տարբերակի թվականը (որովհետև վերջնական խմբագրությունը շատ էր հեռացել այդ տարբերակից) և ոչ էլ առանձնացնել աշխատանքի եզրափակիչ փուլը (քանի որ պոեմի նյութն ու սյուժեն, այնուամենայնիվ, շատ կողմերով գալիս էին առաջին մտահղացումից)։ Հետևաբար, չի կարելի ճիշտ և սպառիչ համարել հետմահու որոշ հրատարակություններում այս խնդրի միանշանակ լուծումը հօգուտ 1889-ի։ Այս դեպքում թերևս ավելի ճիշտ կլինի նշել կրկնակի թվականներ՝ 1889—1902, մանավանդ որ այդ շուրջ մեկուկես տասնամյակի ընթացքում բանաստեղծի միտքն այսպես կամ այնպես բազմիցս անդրադարձել է այս պոեմին։