Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որ Թումանյանի կիրառած ժանրային բոլոր ձևերը սերտորեն կապված են, փոխադարձաբար լրացնում են իրար։ Եվ, այնուամենայնիվ, առանց տատանվելու կարելի է ասել, որ պոեմներն են այն կենտրոնները, ուր գալիս-հավաքվում են Թումանյանի գաղափարական-գեղարվեստական բոլոր հիմնական սկզբունքները։ Հասուն շրջանում գրված կամ վերստեղծված պոեմների մեջ յուրովի արտահայտվել են նախընթաց շրջանի գրական որոնումների արդյունքները, միաժամանակ դրվել են հետագա ստեղծագործական զարգացման հիմքերը։ Այս միտքը հաստատելու համար բավական է նույնիսկ պարզ թվարկումը։

Դարասկզբին արմատապես վերամշակված «Անուշը» դարձավ ժամանակակից աշխարհում մարդու ճակատագրի, նրա ներաշխարհի բոլոր զննումների հանրագումարը։ Բայց իր հերթին էլ այն հիմքեր ստեղծեց գրական-հոգեբանական վարպետության այն բարձրագույն մակարդակի համար, որ մենք տեսնում ենք դրանից հետո գրված տարբեր ժանրի երկերում՝ պոեմից և բալլադից մինչև հեքիաթ և պատմվածք։

Կամ հիշենք «Դեպի Անհունը»։ Դա կյանքի և մահվան, մարդու և բնության փոխհարաբերության վերաբերյալ պատանեկան տարիներից սկսած խոր և ինքնատիպ մտորումների ամփոփումն էր։ Մյուս կողմից, առանց այդ պոեմի անհնար է պատկերացնել նաև նույն հարցերի փիլիսոփայական արծարծումները ավելի ուշ գրված շատ երկերի, մասնավորապես քառյակների մեջ։

Ճիշտ այդպես էլ «Պոետն ու Մուսան» այն կենտրոնն է, ուր ի մի են բերված Թումանյանի խոհերը իսկական բանաստեղծի կոչման և ճակատագրի մասին։ Իսկ «Հազարան բըլբուլը» ծրագրվել է իբրև մարդկության վերածնման մեջ արվեստի վիթխարի դերի հաստատում, մի միտք, որը նույնպես շատ է զբաղեցրել Թումանյանին։ Բոլորովին տարբեր ոճով գրված այս երկու պոեմները՝ մեկը երգիծական, իսկ մյուսը՝ կախարդական հեքիաթի հիման վրա մտահղացված, ներքուստ սերտորեն կապված են ոչ միայն իրար, այլև Թումանյանի գեղարվեստական և քննադատական ժառանգության շատ ուրիշ էջերի հետ։

«Սասունցի Դավիթը» ազգային ժողովրդական բանահյուսության ըմբռնման և գեղարվեստական մշակման ուղղությամբ Թումանյանի կատարած վիթխարի աշխատանքի ամենաբարձր և համապարփակ արդյունքներից մեկն է, իսկ «Թմկաբերդի առումը» առավել ցայտուն մարմնավորումն է մարդու իդեալի որոնման մոտիվների, որոնք անցնում են նրա չափածո և արձակ շատ երկերի միջով, և այլն։

Իբրև ամփոփում, կարելի է ասել հետևյալը։ Վերլուծել և ճիշտ գնահատել Թումանյանի պոեմները կարելի է միայն նրա գրական ժառանգության բոլոր կողմերը նկատի ունենալու դեպքում։ Իսկ ընդգրկել և հասկանալ Թումանյանի ստեղծագործությունն իր ամբողջության մեջ՝ նշանակում է հասկանալ և գնահատել հայ գրականության և գեղարվեստական մտածողության մի ամբողջ մեծ դարաշրջան` բոլոր հին ու նոր