Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարբերություններ։ Ցույց է տրվում նաև Թումանյանի աշխատանքը պոեմի առանձին հատվածների վերամշակման ուղղությամբ (առաջին մասը «Լուսաբեր» դասագրքի և վերջին հատվածը՝ ԲՊ-ի համար)։

«Մարոն» պոեմի կենսական հիմքը նահապետական գյուղաշխարհում աղջիկների վաղահաս բռնի ամուսնության և ընդհանրապես կնոջ ստրկական վիճակի փաստերն են, որոնց մասին մի քանի տարի անց Թումանյանը հատուկ գրել է նաև «Բորչալվում» ակնարկի եզրափակիչ մասում։ «Ժողովրդի բարոյական ու տնտեսական կյանքը ճանաչելու համար մի գեղեցիկ միջոց, մի հեշտ չափ կա — այդ կինն է,— կարդում ենք ակնարկում։— Կնոջ վիճակը հայտնում, ցույց է տալիս ինչպես անհատի, այնպես և հասարակության աշխարհայեցության սահմանը, զարգացման աստիճանը։ Բորչալվում կինը դեռ դատապարտված է ավանդական արհամարհանքին, իբրև «առաջին մեղքի պատճառ», «դժոխքի դուռը», նզովված բոլոր սրբերից ու սրբություններից» (ԵԺ VI, 70)։

«Մարոն» ներկայացնում է կնոջ այդ անարգված վիճակի մի ողբերգական դրվագ` դիտելով այն որպես նահապետական կյանքի և ըմբռնումների բնական հետևանք։ Պոեմի գրության կոնկրետ շարժառիթի մասին պահպանվել է հեղինակի վկայությունը՝ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ։ Այստեղ նշված է. «1. Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն» (ՈԻՀ 2, 420)։ Ինչպես տասնամյակներ առաջ վկայել են Ն. Թումանյանն ու Ա. Ինճիկյանը, Անտոնյան Սաքոյի դստեր հետ կապված «նույն դեպքը մինչև այժմ էլ Դսեղում պատմում են» (ԵԺ II, 357)։

«Մարոյի» առաջին խմբագրության հեղինակային ծանոթագրությունները, որոնք ԲՄ II-ում զետեղված են տողատակում, սույն հրատարակության մեջ տրվում են այդ տարբերակից հետո՝ նշելով բացատրվող բառերի և արտահայտությունների տողահամարները։


ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ

(էջ 15, 171)

Առաջին անգամ՝ ԲՄ I, էջ 5—20։ Պոեմի երկրորդ տարբերակը՝ առանձին գրքով և «փոփոխված» նշումով՝ Թիֆլիս, 1896, 24 էջ։ Երրորդ տարբերակը՝ ԲԹ, էջ 131—139, այնուհետև՝ ԲԲ, էջ 150—157, ԲՊ, էջ 153—161։ Պոեմի երեք ամբողջական տպագիր տարբերակները, որոշ ձեռագիր հատվածների հետ միասին, տեղ են գտել ԵԺ II, էջ 11—18, 297—318, 360—366։ Հեղինակի կենդանության ժամանակ տպագրված երեք տարբերակների վերջնական ինքնագրերը չեն պահպանվել։

Ներկա հրատարակության հիմնական բաժնի համար հիմք է ընդունվել ԲՊ բնագիրը։ Պոեմի 1890 և 1896 թթ. տպագրված խմբագրությունները, ինչպես նաև պահպանված երեք ինքնագրերը (պահվում են ԳԱԹ,