Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

266 Մինչև լըսեցի մի մեծ պարոնի — Այս և հաջորդ տողերում (մինչև 279) ակնարկը հայտնի կապիտալիստ Ալ. Մանթաշյանի մասին է, որը մի զրույցի ժամանակ արհամարհանքով է արտահայտվել բանաստեղծների վերաբերյալ՝ նրանց համարելով պարապ մարդիկ։ Այդ մասին կա Թումանյանի մի գրառումը («Մանթաշովի ծիծաղը»), որը հրապարակվում է սույն հատորում։

274-275 Եվ խեղճ ընկերըս երբ որ՝ սրտացավ՝
Սա էլ պետքական մի մարդ է, ասավ...


Խոսքը վերաբերում է բանաստեղծի մտերիմ ընկեր և բարեկամ Փիլիպոս Վարդազարյանին, որը և ունեցել է հիշյալ զրույցը Ալ. Մանթաշյանի հետ։

302 Ոլիմպոս — Սրբազան լեռ Թեսալիայում, որի վրա, ըստ հին հույների պատկերացման, ապրում էին աստվածները Զևսի գլխավորությամբ:

303 Նեկտար- Ոլիմպոսի վրա ապրող աստվածների խմիչքը։ Ամբրոս — աստվածների սնունդը։ Նեկտարի և ամբրոսի շնորհիվ աստվածները մնում էին հավերժորեն երիտասարդ և անմահ։

Ծանոթագրություններ «Վտակ» ժողովածուի բնագրի

86-87 Ակնարկներով, օրեցօրով,
Ֆելիետոնով...


Այս բառերում արտացոլվել է այն փաստը, որ «Մշակի» էջերում Խ. Մալումյանը (Ազ-լեր) իր հոդվածները հաճախ տպագրում էր «Ակնարկներ» և «Օրեցօր» ընդհանուր վերնագրերի տակ, իսկ Գր. Արծրունին՝ «Ֆելիետոն» վերտառությամբ։

91 Միդասը այն հարուստ թագավորն էր, որ չհավանեց Ապոլլոնի երգը։ Բանաստեղծության զայրացած աստվածը, պատմելու համար, իր քննադատի գլուխը զարդարեց իշի ականջներով (Հ. Թումանյանի ծանոթագրությունը «Վտակ» ժողովածուի մեջ)։

97 Արամազդ — Գերագույն աստվածություն հայոց դիցարանության մեջ։ Համապատասխանում էր հունական Զևսին կամ Դիոսին։

101 Հռչակավոր այն «մըտրակին» — Նկատի ունի «Մշակի» հռչակած «մտրակող ուղղությունը»` ազգային կյանքի արատները անխնա խարազանելու սկզբունքով։

145-146 Իսկ մենք ունենք ճոխ Հանգարան,
Պատրաստ հանգեր շարան-շարան...