Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.
Սըրանից ավել էլ ի՞նչ եք ուզում.
Բայց տըղամարդը, որ նամուս ունի,
Լավ է իմանում ինչ պատասխանի…

   Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան։
Քանի՜-քանի մարդ կորավ իր տանից,
Քանի՜-քանի մարդ դառավ մարդասպան…

   Ո՞վ է մեղավոր։ Միտք եմ անում, միտք,
290 Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում—
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր։

   Մինը իր կամքին՝ ինչ ասես անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի.
Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,
Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես…

   Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ,
Էլ ընչի մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ.
Նըրա արինը կարմի՞ր է մերից,
300 Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից։

   Թե չէ՝ թավադ ես՝ ինչ ուզես անես,
Ես չըկարենամ քեզ մի խոսք ասե՞լ…
Է՜հ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ…

   Լռեց ծերունին։ Իրար դեմ ու դեմ
Թիկնած էինք թեժ կըրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում գիշերվան շունչը։

77