Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էն ո՞վ էր, նանի՛, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՜ս…
— Հերի՛ք է, Անո՛ւշ, ներս արի դագեն,
Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն,
110 Տեսնողն էլ կասի— ի՜նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա։
— Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,
Ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին…
Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։
— Հանգի՛ստ կաց, Անո՛ւշ, դու հասած աղջիկ՝
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի՛, ամոթ է, ամո՜թ։
120 — Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…
Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

VI

  Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
130 Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

  — Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում։

85