Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ,
Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
— Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի՛ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
320 Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սրրտաճա՜ք…
Հանգի՛ստ կաց, քուրի՛կ, մի՛ վախիր էդքան,
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առաջև դեռ կան երջանիկ օրեր։
Սուտ բան է, քուրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա։

(Խումբը երգում է)

330 Աղջի, բախտավո՛ր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչքերին։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սեր-օրեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
340 Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես։

Համբարձում, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա,
Սար-յարեր, յա՛յլա,
Յա՛յլա ջան, յա՛յլա։

92