Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




Խորի՜ն լռություն… և կանգնած օդում
Ոչ մահվան նշույլ, ոչ կյանք էր նկատվում.
180 Այն անգործության մի ծով էր կանգուն,
Անշարժ ու համըր, խավար ու անհուն…

VIII

    Բայց ահա մի շող ցոլաց իմ գըլխում.
Այն մի գեղեցիկ թըռչունի ձայն էր,
Մերթ լըռում էր նա, մերթ նորից երգում.
Այնպես քընքույշ երգ լըսած չէի դեռ։
Մինչ լըսում էի կախարդված հոգով,
Լըցվեցին աչքերս ուրախ արցունքով
Եվ ես միառժամ չէի նըկատում
Թըշվառությունըս այն խավար բանտում։
190 Բայց շուտով միտքըս սովոր ընթացքով
Երբ վերադարձավ, իրական աչքով
Շուրջըս, վերևըս ես տեսա կըրկին
Պատերն, օճորքը, նըկուղը մըթին,
Առաջվա նըման ուր որ հազիվ հազ
Արևի շողքը ընկնում էր նըվազ։
Բայց և այն ճեղքում, որ ընկնում էր նա,
Ավելի հանգիստ քան ծառի վըրա,
Նըստած էր թըռչնակն ուրախ ու անփույթ,
Մի սիրո՜ւն թըռչնակ, թևերը կապույտ։
200 Հազար զանազան բաների վըրա
                                 Գեղգեղում էր նա.
Ու ինձ էր ասում կարծես բոլորը։
Դեռ ոչ մի անգամ մինչև այն օրը
Նըրա նըմանը տեսած չէի ես,
Ոչ էլ կըտեսնեմ։ Նա էլ էր ասես
Ինձ նըման մենակ, ընկերից զըրկված,
Սակայն ինձ նըման հույսը չէր հատած։
Նըրա համար էր նա եկել մենակ,
Որ մըխիթարի ինձ որբ ժամանակ.
210 Ու ծըլվըլալով մութ բանտիս ծայրից՝