Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



     Սարսափելի էր այս միտքն ինձ համար,
Եվ չէի ուզում հավատալ երկար,
Թե կրկին բանտս եմ ես վերադարձել,
Թե աչնքան օրեր զուր եմ մտածել,
Փայփայել գաղտնի միտքը նվիրական,
Տառապել, տանջվել, համբերել այնքան,
Ու բոլորն ինչո՞ւ.— որ այս հասակում,
540 Դեռ նոր բաց արած աչքըս աշխարքում,
Թավ անտառներում շունչ ու կյանք առած
Ազատ աշխարքի, կյանքի սովորած,
Ինձ հետ միասին տանեմ գերեզման
Այրող կարոտը սուրբ հայրենիքիս,
Խիստ նախատինքը խաբված հույսերիս
Եվ ամոթանքը ձեր կարեկցության․․․
Սակայն տակավին կասկածներով լի
Կարծում էի թե՝ երազում էի,
Երբ հանկարծակի խաղաղ օդի մեջ
550 Զանգի ղողանջը հեռվից տարածվեց.
Այստեղ ինձ համար բոլորը աարզվեց․․․
Օ՜, ճանաչեցի իսկույն ես նըրան.
Շատ է փախցըրել նա իմ մանկական
Կարոտ աչքերից վառ երազներից
Թանկ տեսիլքները,— հարազատներիս,
Ազատությունը վայրի դաշտերի,
Եվ նժույգները թեթև, կատաղի,
Եվ կռիվները ժայռերի միջին,
Ուր հաղթում էի մենակ ամենքին․․․
560 Անլաց, ուժասպառ լըսում էի ես։
Սրտիս միջիցն էր դուրս գալի, ասես։
Կարծես թե մեկը անընդհատ զարկով
Զարկում էր կրծքիս ծանըր երկաթով։
Եվ ես անորոշ այնժամ հասկացա,
Թե այսուհետև դեպի հայրենիք
Երբե՛ք ինձ համար էլ ճամփա չըկա։