Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էնտեղ էր քո հերն իր աղոթքն անում։
370 Քու հերը մեռավ, Մըսրա թագավոր
Եկավ մեր աշխարհ < ․ . . >
Մեր վանքն էլ քանդեց Մարութա սարում[1]
Իր տեղն է հիմի էն լուսը վառվում։
Դավիթն Օհանից էս որ իմացավ[2]
Խաչ հանեց [դեմքին], հորեղբայր, ասավ.[3][4]
Ասավ՝ հորեղբա՛յր,
Աշխարքի վըրա հեր չունիմ—
Դու ինձ հերություն արա։
էլ չեմ իջնիլ ես Մարութա սարից,[5]
380 Մինչև չըշինեմ էն վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար մըշակ բանվոր նըրանց հետ
Որ գան էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանք շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրըխկ հա՛ թըրըխկ— նորից շինեցին,[6]
Առաջվան կարգով, փառքով֊փառավոր
390 Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։

  1. 372—373 էն վանքն էլ եկավ քանդեց էն սարում
    ա (Իր տեղից հիմի լուս է բարձրանում)։
    բ Նրա տեղն Է հիմի Էն լուսը վառվում։
    գ Տեղիցը հիմի լուս Է բարձրանում։
  2. 374—378 տողերի փոխարեն՝
    [Դավիթն իմացավ]․
    ա — Հորեղբայր, ասավ,—
    բ — Հորեղբայր Օհան,
    [Անուշ հորեղբայր], աշխարքի վըրա
    Հեր չունիմ — դու ինձ հերություն արա։
  3. 375 տողի տակ 1 անընթ. տող։
  4. 375 ա Խաչ քաշեց Դավիթ իրեն երեսին
    Խաչ քաշեց ահով իրեն երեսին
  5. 379 Էլ չեմ իջնելու Մարութա սարից,
  6. 388 Թըրըխկ հա՛ թըրըխկ— նորից շինեցին,