Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

  Տեսավ Դավթին։ Գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

  Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
750 Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

  Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարով, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
760 Եթե կըռիվ կուզես կըրկին…

  Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

  Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

  Իջավ Դավիթ ձիուցը ցած,
770 Գընաց նըստեց… ընկավ հորը.