Ժամանակով ապրում էր մի թագավոր, ուներ երեք որդի։ Փոքր որդին մի օր մի բան է մտածում ու հայտնում յուր եղբայրներին, թե՝ մեր հայրը թագավոր է ու մի հիշատակ չունի շինած, որ մեռնելուց հետո հիշվելիք լինի աշխարհքի մեջ։ Եկեք գնանք խնդրենք, որ մի խեյրաթխանա (հասարակաց) այգի շինի իրան համար հիշատակ։ Մյուս եղբայրներն էլ հավանեցին ու գնացին թագավորի մոտ։ Թագավորը թե՝ ընչի՞ եք եկել, որդիք։ Թե՝ եկել ենք խնդրելու, որ մի խեյրաթխանա այգի շինես քեզ հիշատակ, որ քանի կենդանի ես, ամեն մարդ մտնի, ուտի, քեզ փառք տա, մեռնելուց հետո էլ ողորմատեղ լինի։ Թե՝ զորանաք, որդիք, շատ լավ եք միտք արել, փողն ինձանից, աշխատանքը ձեզանից, թե կարող եք, գնացեք, շինեցեք։
Որդիքը գնացին, այգին շինեցին, աշխարհքի բարիքներով լցրին, դրախտից էլ ծառ բերին, տնկեցին, ու այգեպանը մեջը դրին ու պատվիրեցին, որ եկող-գնացողին չէ չասի։
Այգին հասավ, պտուղ տվեց, ով ուզեց մտավ, կերավ, տարավ։ Գնացողին չէ չկար։