Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվիր, կամ մի բան արիր, ետևիցդ ծառ, քար, հող, ջուր ձեն կտան.— Տարա՜վ, տարա՜վ, հողածինը տարա՛վ։ Դու ետ չնայես, թե չէ դարձյալ քո վերջին օրն է։

Թագավորազնը աստված կանչեց ու գնաց։ Դուրս եկան ծաղրածուները, սրա առաջին էն տեսակ խաղեր հանեցին, որ հարյուր տարվան մեռելը կծիծաղեր, բայց տղեն չծիծաղեց, անց կացավ առյուծները, հասավ ապարանքի տակը։ Դուռը բաց արավ, քառասուն ոտը սանդուղքը բարձրացավ, մտավ մի սենյակ, որ Հազարան բլբյուլի տերը քնած է, անկողնից շավղը տվել է պատերին։ Հազարան բլբյուլի վանդակը վերցրեց գլխավերևից, ուզեց դուրս գա, մեկ էլ հանկարծ մտածեց, թե՝ ախպեր, էս Հազարան բլբյուլն է, որ արդեն տանում եմ, արի մի բաց անեմ (բաց էր, նրանից է գայթակղվում), տեսնեմ ինչ արարած է էս անկողնում քնածը։ Վերմակը ետ քաշեց, տեսավ մի հրաշալի, մի հրեղեն աղջիկ մուշ-մուշ քնել է ու շիկնել։ Այստեղ միտքը փոխվեց։ Սկսեց տակի շորերը քանդել։ Մեկը բաց արավ, տեսավ մյուսը տակին, այս էլ բաց արավ, մի ուրիշն էլ նրա տակին էր։ Այսպես մինչև չորս ու հինգը բաց արավ, տեսավ չի վերջանում։ Համբուրեց թշից, մի համբույրից երեսն այնքան քնքուշ էր, որ տեղը նշան մնաց։ էստեղ միտն ընկավ ու ետ կանգնեց, թե՝ այս ինչ եմ անում, չէ՞ որ Աժդըհեն ինձ խրատեց, որ սրան չդիպչեմ։ Եվ էսպես կիսամերկ թողեց աղջկանն յուր անկողնում ու դուրս եկավ։ Ծաղրածուներն սկսեցին աղաղակել.— Տարա՜վ, տարա՜վ, հողածինը տարավ։ Սա ետ չնայեց, սիրտը սևացրեց, անց կացավ։

Եկավ Աժդըհի մոտ։ Աժդըհեն թե՝ հը՛, բերի՞ր, թե չէ։ Թե՝ բերի։ Թե՝ ապրես, դե արի շալակս։ Շալակն առավ, տարավ յուր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը, Ձուկն էլ բերավ Զմրուտ ղուշի մոտ։ Զմրուտ ղուշը թևն առավ թռցրեց, տարավ հասցրեց Շնորհքի հոր սահմանը։ Այստեղ վեր բերեց.— Դե գնա, ասաց, միայն իմացած լինես, Հազարան բլբյուլը որ բերիր, էն աղջիկը էլ քեզ հանգստություն չի տալու։ Բայց, թե որ եկավ քեզ գտավ, դու դարձյալ ինձ մոտ արի։— Ասաց Զմրուտ ղուշը ու թռավ։ Տղեն եկավ, հասավ էն բարձր, նըշանով քարին, որտեղից երեք ուղղությամբ եղբայրները բաժանվեցին։