Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսավ բան չկա գրված, եղբայրներից ոչ մեկը դեռ չի վերադարձել։ Մտածեց, թե եթե ես մենակ գնամ, հիմի կասեն, որ հազարան բլբյուլը գտել է, գոռոզացել է, եղբայրներին թող արած, ինքը վեր է կացել մենակ եկել։ Արի գնամ դեռ եղբայրներիս գտնեմ ու միասին գնանք։ Գնաց, երկու եղբորն էլ գտավ, ամեն մեկին մի քաղաքում, մի նեղության մեջ, մեկին խորտկարարի խանութում, մյուսին՝ մրգավաճառի, ու երեքը միասին ճանապարհ ընկան դեպի իրենց տունը։

Աչքալիս գնացին թագավորին, թե որդիքդ Հազարան բըլբյուլը գտել են, գալիս են։ Թագավորն ուրախացած դուրս եկավ որդիների առաջը, տեսավ, ճշմարիտ որ Հազարան բըլբյուլը բերում են։ Տարան Հազարան բլբուլը վանդակով այգում մի չոր ծառի ճյուղից քարշ արին։ Առավոտը բարիլուսին երեք անգամ ձեն ածավ թե չէ, այգին նորից կանաչեց, ամեն ծառ ու թուփ իրան պտղով ու տերևով լցվեց, դարձավ էլ առաջվան դրախտը, էլ էն այգին, էլ էն գնացող-եկողը, ուտողըն ու տանողը։

Զարթնեց Հազարան բլբյուլի տերը, աչքը բաց արավ, տեսավ վերմակը վրից ետ քաշած, փոխանը, տակի շորերը քանդած (ու թուշը այրում է համբույրի տեղը)։ Մտիկ արավ վերև, որ Հազարան բլբյուլն էլ չկա։ Նայեց հայելուն, խալը տեսավ։

Վեր կացավ, թլիսմ արավ, լվացվեց, չայ խմեց ու մի թուղթ ծակեց, անցկացրեց մեջքը, բերեց ծծերից ներքև ամրացրեց։ Չորս կողմին, ամեն մի կողմը մի ղալամ գիր գրեց (թլիսմ)։ էդ թլիսմը (գիրը) դրան բարձրացրեց, հանեց երկնքի երեսը։ Հասավ ճամփեն պահող խեղկատակներին,— թե՝ ա՛յ խեղկատակներ, Հազարան բյուլբյուլը դեսն անց է կացել, կամ տվեք, կամ տեղն ասացեք, թե չէ ձեր մեծ կտորն ականջներդ կթողնեմ։ Թե՝ մենք ի՞նչ անենք, մենք գետնի երեսին, նա երկնքումը, առավ, դենը գնաց։

Գնաց Աժդըհի մոտ։— Աժդըհա՛, Հազարան բյուլբյուլը դեսն անց է կացել, կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ մեծ կտորդ ականջդ եմ թողնում։ Աժդըհեն թե՝ ես ի՞նչ անեմ, ես Աժդըհա եմ գետնի երեսին, նա քեզ պես երկնքումը, առավ, դենը գնաց։