ինձ հանձնեց այդ ավանակն ու պատվիրեց, որ այսպես անեմ։
— Դե գնա, այն կնգանը այստեղ բեր,— հրամայեց թագավորը։
Աղքատի հետ եկավ իմ ծպտյալ կինը սևեր հագած։
— Դու ի՞նչ խղճմտանքի տեր ես, ա՛յ կնիկ, ինչո՞ւ ես քո անասունը տվել այս մարդին, որ այսպես չարչարի։
Կինս թե՝ թագավորն ապրած կենա, ես մի սիրուն, թագավորի վայել երեխա ունեի։ Մի օր այս ավանակի վրա նստացրի, որ ուրախանա։ Հակառակ անասունը փախավ, տրտինգ արավ, երեխիս քարերի վրա վայր ձգեց, երեխես մեռավ․․․— ասաց, սկսեց սուտ լաց լինել ու աչքերը սրբել։
— Հասկացա,— մրմնջաց զգացված թագավորը։
— Մենք էլ կսկծից տվինք այս մարդուն ու պատվիրեցինք, որ բարձի, բանեցնի, չարչարի․․․ Հիմի սիրտներս վեր է նստել, ես էլ եմ զղջում, որ այդպես եմ վարվել։ Խնդրում եմ, որ իմ անասունը ինձ հանձնես, էլ մեղքն իմն է, տանեմ վերքերը լավացնեմ։
Թագավորը թե՝ դե, տար լավացրու, մեղք է, անասուն է։
Ինձ քաշելով կրկին բերին։ Բերին թե չէ, ասավ՝ ես հիմի այնպես անեմ, որ շեն էլ չմտնես, ոչ թե թագավորին գանգատ գնաս։ Ասավ ու կախարդական գավազանով զարկեց, կանչեց:
|
Իսկույն դարձա վայրի կռունկ, թռա դաշտերն ընկա, խառնվեցի կռունկների երամին, սկսեցի նրանց նման ապրել, հանդերում քնել, օձի միս ուտել։
— Ճի՞շտ է, Ալվարդ։
— Ղա՛,— կռավեց ագռավը։
Կռունկները սովորություն ունեն, որ ցերեկը հանգստանալիս կամ գիշերը քնելիս իրանցից մեկին պահապան են դնում