Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երամի վրա։ Մի գիշեր էլ հերթը ինձ հասավ։ Բերին մի ոտիս վրա կանգնացրին, բերանումս քար դրին, որ քունս չտանի, արթուն կենամ, հսկեմ, ուրիշ գազան չգա մեջներն ընկնի։ Արի տես, որ անսովոր ու թույլ, մտքիս ետնա ընկա, հոգնեցի, նղղեցի, քունս տարավ։ Գիշերվա մի ժամին լսեցի, որ գազան է ընկել երամի մեջ, կռունկները կը՜ռռ հա, կը՜ռռ, կռնչալով իրար են խառնվել։ Այն գիշեր որը ջարդվեց, որը վիրավորվեց, որն էլ թռավ, երկնքի երեսն ելավ, ազատվեց։ Առավոտը, որ լուսացավ, առողջ ու վիրավոր հավաքվեցին, ման եկան ինձ գտան, թե՝ դու ինչպե՞ս պահապան եղար մեզ համար, որ գազանն ընկավ մեր մեջը, մեզանից այսքան հոգի կոտորեց։ Վրա թափեցին, կտուցներով ինձ քրքրեցին, փետրահան արին, մերկ ու տկլոր թողին մի դաշտի մեջ, իրանք թռան, գնացին: Մնացի անթև, անփետուր, մի անծանոթ դաշտում վեր ընկած։ Ճարս կտրեց, վեր կացա, ոտով մի կերպ եկա հասա իմ պալատը, պատի տակին մի անկյունում կուչ եկա։

Զոքանչս հանկարծ ինձ նկատեց, վազեց կնոջս հայտնեց՝ թե՝ կախարդական մտրակը բեր, որ այն գազանը կրկին ետ է եկել։ Կինս էլ եկավ նայեց ու թե՝ այս մի խեղճ թռչուն է, գազանի ճանկից ընկել այստեղ, պատսպարվել։ Նա չի, նա այստեղ չի գալ։ Գնում են, սկսում են մայր ու աղջիկ գիշերը վիճել։ Այս խոսակցությունը լսում է իմ հին աղախինը, որ ծառայում էր նրանց։ Գիշերվա մի ժամին կախարդական մտրակը գողանում է, գալիս, որ եթե ես ճիշտ թագավորն եմ, զարկի, օգնի, թե չէ շուտով կրկին տանի տեղը դնի։ Եկավ, զարկեց մտրակով ու կանչեց.

Ա՛յ դու թևավոր,
Սինամ թագավոր,
Ինչպես սիրալիր
Թագավոր էիր,
Փոխվիր նորից նոր
Զորավոր զարկով,
Թագավոր դարձիր,
Առաջվան փառքով։