Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նորից վերանորոգեմ մեր սերը, մնացած կյանքը։ Այս բուռն տենչանքի ոգևորության մեջ կանչեցի.

Զարկում եմ ահա,
Թռչուն անասուն,
Կրկին փոխվես
Բանական—խոսուն
Չքնաղ թագուհի
Սինամ արքայի—


Բարձր կանչեցի, ձեռքս վրա բերի, բայց․․․ ավա՜ղ, դատարկ էր ձեռքս— մտրակը ծովն էի ձգել։ Հուսահատությունից խելքս ցնորվում էր, սկսեցի հեկեկալ.

Իմ սիրելի,
Դարձիր էլի
Նախկին կերպիդ,
Ծավի աչերով, նոճի հասակով,
Գանգուր մազերի շքեղ պսակով,
Եղիր իմ կյանքի թագուհի ու զարդ,
Իմ անուշ Ալվարդ, իմ անբախտ Ալվարդ...


Բայց, ա՜խ, իզուր...

— Տեսնո՞ւմ ես, Ալվարդն է այս սևափետուր ագռավը... ամեն վայրկյան աչքիս առաջ հիշեցնում է իմ արարքը, իմ կորցրած կյանքի երջանկությունը, փառքը, տանջվում եմ անդադար և այս ահագին վիշտս աշխատում եմ թաղել, խեղդել, մեղմացնել այս չտեսնված շռայլության ծովում... Եվ ինքդ ասա, օտարական, մի՞թե այս բոլորից հետո ես կարող եմ գանձ ու հարստություն պահելու մասին մտածել և ինչո՞ւ համար։ Դե, ճար արա իմ վշտին, ծովի հատակից հանի կախարդական մտրակը, ինձ վերադարձնելու իմ առաջվան Ալվարդին...

— Ո՜հ մեծ վիշտ է,— հառաչեց Շնորհքը,— իսկ կախարդական մտրակը, որ այդքան թշվառությունների պատճառ է եղել, ընդմիշտ կմնա ծովի հատակում։